
Մահացել է ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակիցը

168.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան ծանր վթար է տեղի ունեցել Հրազդանում, որի պատճառով տեղում մահացել է ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակիցներից մեկը, իսկ նույն մեքենայում գտնվող ՀՀ Պետական պահպանության ծառայության երկու մյուս աշխատակիցները ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Մեքենան ընկել է ձորը, երիտասարդի մարմինը դուրս են բերել գետի միջից: Երիտասարդը՝ ՀՀ նախագահի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանի օգնականն էր: ՀՀ ոստիկանության կայքէջից դեպքի մասին տեղեկանում ենք. «Նոյեմբերի 12-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 72-րդ կմ-ին «BMW X-5» մակնիշի ավտոմեքենան Իջևանի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել այդ գոտուց դուրս կայանված «ԻԺ-2715» մակնիշի ավտոմեքենայի, ապա` չգործող կամրջի երկաթբետոնյա կոնստրուկցիային: Բախումների հետևանքով «BMW X-5»-ի սրահում գտնվող 1985 թ. ծնված Խաչատուր Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ ևս երկու տղամարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն»: