Դավթաշենը կրկին առաջատար է
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ըստ այդմ, սեպտեմբեր ամսին բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան և Կենտրոն վարչական շրջանները: Հոկտեմբեր ամսվա արդյունքներով առաջին երկու տեղերն զբաղեցրած վարչական շրջանները մնացել են անփոփոխ, իսկ երրորդ հորիզոնականը կիսել են Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ երկու ամիսների ընթացքում արձանագրել են Քանաքեռ-Զեյթուն և Նուբարաշեն վարչական շրջանները:
Սեփական եկամուտների հավաքագրման, մասնավորապես աղբահանության վարձավճարների գանձման ուղղությամբ քաղաքապետը հանձնարարել է առավել հետևողական լինել և աշխատանքներ տանել ավելի բարձր ցուցանիշներ ապահովելու ուղղությամբ:
«Համայնքային շատ ծրագրերի իրականացումը պայմանավորված է հենց սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներից: Մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում աշխատանքների կամզակերպման արդյունավետության հետևողական բարձրացման վրա»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով գնահատման և վերլուծության արդյունքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները` առավելագույն արդյունքներ ու, հետևաբար, բարձր ցուցանիշներ ապահովելու համար։ Քաղաքապետը նաև հիշեցրել է, որ վարչական շրջանների աշխատանքի գնահատման և վերլուծության ցուցանիշների կիսամյակային ամփոփման արդյունքներով լավագույն ցուցանիշներ արձանագրած վարչական շրջանների աշխատակազմերը կխրախուսվեն: