
Վիլանովայի ցուցադրած արդյունքները խոսում են նրա որակավորման մասին. Կապարոս

«Մալյորկայի» գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսն Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի «Բարսելոնայի» հետ խաղից առաջ հարցազրույց է տվել El Mundo Deportivo թերթին:
««Բարսելոնան» մեծագույն ակումբ է, և այն չեն կարող գլխավորել միջին մակարդակի մարզիչներ: Տիտոյի մասին կարող են շատ բան գրել, անգամ կարելի է «Սելտիկից» կրած պարտության մեղքը բարդել նրա վրա, սակայն թիմի ցուցադրած արդյունքները խոսում են այլ բանի մասին: Կապտանռնագույնները շարունակում են ռեկորդներ սահմանել և չեն պատրաստվում կանգ առնել: Պարտություններից հնարավոր չէ խուսափել, այլապես ֆուտբոլը կդասվեր ճշգրիտ գիտությունների թվին: Նայեք «Բարսայի» արդյունքներին, մինչև կսկսեք խոսել Տիտո Վիլանովայի մասին», – նշել է Կապարոսը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը