Գևորգ Ղազարյանը՝ իր թիմի արդյունքների, Շախտյորի և Հենրիխ Մխիթարյանի մասին
Դոնեցկի «Մետալուրգի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ խոսել է վերջին շրջանում թիմի ցուցադրած արդյունքների, ինչպես նաև «Շախտյորի» հետ առաջիկա խաղի մասին:
-Վերջին երեք խաղում մենք միայն 2 միավոր ենք վաստակել: Կարծում եմ՝ մենք ենք սխալներ թույլ տվել ինչպես պաշտպանությունում, այնպել է հարձակման գծում: Մեր մարզչական շտաբը վերլուծել է սխալները: Հուսով ենք, որ դրանք այլևս չեն կրկնվի:
Գևորգ, թիմում շատ են վնասվածք ունեցող ֆուտբոլիստները: Գուցե դա՞ է անհաջողությունների պատճառը:
-Այո, մեր թիմում վնասվածք ունեցող 10 ֆուտբոլիստ կա: Սակայն դա պատճառներից միայն մեկն է: Մեզ չի հերիքում մրցակցությունը: Այս շաբաթ թիմի հետ կրկին մարզվել են Վելիզար Դիմիտրովը և Կոնստանտինոս Մակրիդիսը, ովքեր կարող են մեծ օգուտ տալ թիմին:
Գևորգ, ի՞նչ կարծիք ունես ներկայիս «Շախտյորի» մասին:
-Մեր հարևանները շատ ուժեղ են: Բոլորը տեսել են նրանց խաղը «Չելսիի» հետ: Սակայն մենք պետք է նայենք մեր խաղին:
Հաճա՞խ ես շփվում Հենրիխ Մխիթարյանի հետ:
-Շատ հաճախ: Մենք հայրենակիցներ ենք, միասին խաղում ենք Հայաստանի հավաքականում: «Հանքափորները» հրաալի ֆուտբոլ ցուցադրեցին Լոնդոնում, սակայն պարտվեցին: Հենրիխն այժմ հիասթափված է: Ինչ վերաբերում է մեր խաղին, ապա կարծում եմ՝ Լուչեսկուն փոփոխություններ կանի թիմի կազմում: «Շախտյորն» ընտրության մեծ հնարավորություն ունի:
Ո՞վ է այս զույգի ֆավորիտը:
-Ոչ ոք: Ցանկացած խաղ սկսվում է 0:0 հաշվից: Ամեն ինչ որոշվում է խաղադաշտում: Մենք արդեն շատ միավորներ ենք կորցրել, և կիրակի օրը կցանկայինք հաղթել:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը