1 միլիոն եվրո՝ օրենսդրության բարելավման համար
Սպառողների շահերի պաշտպանության ոլորտի օրենսդրությունը ԵՄ չափանիշներին ներդաշնակեցնելու ծրագիրը մեկնարկել է 2012թ. մայիսի 29-ին, կտևի 18 ամիս և կարժենա 1 միլիոն եվրո։
Այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ «Շուկայի վերահսկողության և սպառողների շահերի պաշտպանության կազմակերպում» խորագրով սեմինար-ճեպազրույց, որին մասնակցում էին ԵՄ Հայաստանյան պատվիրակության մի քանի անդամներ, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Միացյալ Թագավորությունից և Լիտվայից ժամանած մի շարք փորձագետներ, «Հայաստանի սպառողների միություն» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը, մի շարք հյուրեր:
Իր խոսքում նախարար Դավթյանը նշեց, որ նախաձեռնությունը հիմնականում վերաբերում է շուկայի վերահսկողությանը և անմիջականորեն սպառողների շահերի պաշտպանությանը: Ըստ Տիգրան Դավթյանի, ծրագրի տևողությունը 18 ամիս է, որը մեկնարկել է 2012թ. մայիսի 29-ին՝ 1 մլն եվրո ընդհանուր արժողությամբ: «Ծրագրի նպատակն է՝ ներդաշնակեցնել ՀՀ օրենսդրությունը սպառողների շահերի պաշտպանության ոլորտում առկա ԵՄ չափանիշներին: Դա կիրագործվի ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչության ինստիտուցիոնալ զարգացման և ՀՀ-ում ԵՄ չափանիշներին համապատասխանող Շուկայի վերահսկողության համակարգի ստեղծման միջոցով»,- իր խոսքում նշեց Տ.Դավթյանը:
«Ծրագրի նպատակն է, որպեսզի ԵՄ փորձը և նախաձեռնությունները փոխանցվեն շահառու պետությանը, որպեսզի դրա արդյունքում շահառուն ունենա վարչական բոլոր հմտությունները, որոնցով բավարարի Եվրամիության պահանջները: Տվյալ դեպքում մենք աշխատում ենք շուկայի վերահսկողության պետական տեսչության հետ և արդյունքում՝ կունենանք շուկայի վերահսկողության մասին նոր օրենք»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում մշտական թվինինգ խորհրդատու Վիլյամ Հարրիսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Այն հարցին, թե ԵՄ պատվիրակության ծրագրի ղեկավարն ինչպե՞ս է գնահատում Շուկայի վերահսկողության պետական տեսչության գործունեությունը, Վ.Հարրիսը պատասխանեց. «Ծրագիրը նպատակ չունի փոփոխել գործող տեսչության արդյունավետությունը, ուղղակի այն ուղղված է տեսչությանը նոր հմտություններ տրամադրել, և նաև այն նոր ուղղություններին համապատասխանեցնել»:
ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանն էլ իր խոսքում նշեց, որ ծրագրի նպատակն է՝ տեսչությունն առավելագույնս մոտեցնել միջազգային, մասնավորապես՝ եվրոպական չափանիշներին: «Ծրագրի մեկնարկից սկսած՝ Հայաստան են այցելել Եվրամիությունից թվով 34 փորձագետներ, ովքեր մասնակցել են Շուկայի վերահսկողության տեսչության կողմից իրականացվող ստուգումների ընթացքին, ինչպես նաև անմիջական մասնակցություն են ունեցել նախարարության կողմից նոր օրենսդրական նախաձեռնության մշակման գործընթացին, ներկայացրել են նոր առաջարկություններ»,- նշեց Լ.Խալիկյանը, հավելելով, որ այսօր ցանկացած տեսուչ չի կարող իր նախաձեռնությամբ տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումներ իրականացնել։ «Ստուգումները պետք է լինեն հիմնավորված և ռիսկերի վրա գնահատված: Մշակվում են նոր հարցաթերթիկներ, որոնց հիման վրա իրականացվելու են ստուգումները»,- նշեց Խալիկյանը: Ըստ բանախոսի՝ մշակվել են երեք խմբի ռիսկայնության սուբյեկտներ՝ բարձր, միջին և ցածր ռիսկայնության աստիճան ունեցող խմբեր: «Բարձր ռիսկայնության խմբերը ստուգվելու են տարին մեկ անգամ, միջին ռիսկայնության խմբերում ստուգումներ կիրականացվեն 3 տարին մեկ անգամ, իսկ ցածր ռիսկայնության խմբերում՝ 5 տարին մեկ անգամ»,- նշեց Լ.Խալիկյանը:
«Հայաստանի սպառողների միություն» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանն էլ իր խոսքում կարևորեց նմանատիպ նախաձեռնությունների միջոցով մեթոդաբանության բարելավումը, հաճախականության և պարբերականության բարելավումը, որ ավելի են հզորացնում վերահսկողության գործառույթը, սակայն ուշադրություն հրավիրեց սահմանի վրա պարտադիր սերտիֆիկացման պահանջի բացակայությանը:
«Պարտադիր սերտիֆիկացման մասին» օրենքում կատարված փոփոխության արդյունքում՝ մենք այժմ բախվել ենք ապրանքների անվերահսկելի տարածման հետ: Հիմնականում Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը պետք է վերահսկի այդ գործընթացը»,- նշեց Ա.Պողոսյանը:
Այն հարցին, թե ինչպե՞ս Արմեն Պողոսյանը կգնահատի սպառողների պաշտպանվածության մակարդակը, բանախոսը պատասխանեց. «Վատ: Առաջընթաց կա, սակայն դա հեռու է բավարար լինելուց»:
Հարցին, թե արդյո՞ք 1 մլն եվրո արժողությամբ ծրագիրը կօգնի բարելավել սպառողների պաշտպանվածության մակարդակը, Ա. Պողոսյանը պատասխանեց. «Ես առանձնապես շատ ոգևորված չեմ այս ծրագրով, սակայն հույս ունեմ, որ օգտակար գործ կլինի: Խոսքը մեթոդաբանության մասին է, իսկ ծածկույթը չի շահի: Ավելի կարևոր է անվրեպությունը, որպեսզի որևէ ապրանք չմնա ուշադրությունից դուրս»: