Շախտյորն առաջին պարտությունն է կրում այս մրցաշրջանում (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտություն կրեց Լոնդոնի «Չելսիից»: Նշենք, որ այս պարտությունն առաջինն էր Միրչա լուչեսկուի թիմի համար ընթացիկ մրցաշրջանում:
Առաջին խաղակեսը մեկնարկեց սկսվեց տեմպով: Մեկնարկային րոպեներին 2 թիմերն էլ հաշիվը բացելու լավ հնարավորություններ ունեին: «Շախտյորն» ավելի վտանգավոր էր գրոհում, բայց հաշիվը բացեցին «ազնվականները». 6-րդ րոպեին Ֆերնանդո Տորեսն օգտվեց Անդրեյ Պյատովի կոպիտ սխալից: Միրչա Լուչեսկուի սաներից ընդամենը 3 րոպե պահանջվեց պատասխան գոլը խփելու համար: Վիլյանը եզրափակեց Ֆերնանդինյոյի գերազանց անցումը: Այդուհետ հանդիպման տեմպը կտրուկ ընկավ և միայն խաղակեսի վերջնամասում տանտերերն ակտիվացան ու կրկին առաջ անցան հաշվի մեջ, և կրկին սխալվեց «Շախտյորի» դարպասապահ Անդրեյ Պյատովը, այս անգամ նրա նվերից օգտվեց Օսկարը:
Ընդմիջմանը Լուչեսկուն կարողացել էր ճիշտ տրամադրել իր սաներին. 2-րդ խաղակեսի սկիզբն ամբողջությամբ անցավ «հանքափորների» թելադրանքով և 47-րդ րոպեին Վիլյանը հավասարեցրեց հաշիվը: «Շախտյորի» ֆուտբոլիստները ևս 10 րոպե նկատելի առավելություն ունեին, բայց հանդիպման վերջնամասում լոնդոնցիները շատ ավելի լավ տեսք ունեին և մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին Մոզեսի խփած գոլը տրամաբանական էր:
«Չելսին» 3:2 հաշվով հաղթեց «Շախտյորին» ու վաստակած 7 միավորով հավասարվեց վերջինիս E խմբի մրցաշարային աղյուսակում: Զուգահեռաբար ընթացող խաղում «Յուվենտուսը» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Նորդշելանդի» դարպասը և 6 միավորով ընթանում է 3-րդ տեղում, իսկ «Նորդշելանդը» 1 միավոր ունի:
Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, սակայն Հայաստանի հավաքականի առաջատարն այսօր իր նման չէր: Մխիթարյանը ոչ միայն աչքի չէր ընկնում իր սուր անցումներով, այլև մի քանի դրվագներում չկարողացավ ինչպես հարկն է կասեցնել գնդակը: Միանշանակ կարելի է ասել, որ Հենրիխն իր վատագույն հանդիպումն անցկացրեց այս մրցաշրջանում: Հուսանք, որ սա վերջին նման հանդիպումը կլինի նրա համար:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը