Ստրամաչոնի. Ինձ զայրացրեց Յուվենտուսի գլխավոր տնօրենի հեգնանքը
«Ինտերի» գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին Իտալիայի առաջնության 11-րդ տուրում երկրի գործող չեմպիոն և մրցաշարային աղյուսակի առաջատար «Յուվենտուսի» նկատմամբ առավելության հասնելուց (3:1) հետո չի թաքցրել ուրախությունը:
«Ես ջանք չէի խնայել այս դիմակայությանը լավագույնս պատրաստվելու համար: Ինձ զայրացրեց «Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտայի հեգնանքը: Նա ասում էր, որ Ստրամաչոնին չմտածված է գործում: Եթե ցանկանում եք, եկեք այժմ խոսենք այդ մասին:
Շատ լավ էինք պատրաստվել այս հանդիպմանը: Մենք ուշադրություն էինք դարձրել յուրաքանչյուր մանրուքի վրա և արժանի էինք այս հաղթանակին: «Ինտերը» հաղթեց «Յուվենտուսին», որը երկար ժամանակ (49 խաղ, խմբ.) պարտություն չէր կրել առաջնությունում: Վստահ եմ, որ մեր հաջողությունն արժանի է հարգանքի:
«Ինտերը» լավ էր խաղում, չնայած առաջինը մենք գոլ բաց թողեցինք: Այդուհետ որոշ ժամանակ անցավ, մենք հավաքվեցինք և խաղը սկսեց ստացվել: Վաղուց չէի տեսել, որ «Յուվենտուսին» նման խնդիրներ ունենա: Արդեն առաջին խաղակեսի վերջնամասում գիտեի, որ հաղթելու ենք այս խաղը: «Ինտերի» ուժն առանձին դրվագներում դրսևորվեց: Մենք շարունակում ենք աճել:
Սա իմ կարիերայի ամենաերջանիկ օրը չէ. այդ օրն ավելի շուտ է եղել, երբ ակումբի նախագահ Մասիմո Մորատին ինձ հրավիրեց մարզչական շտաբ»,- Ստրամաչոնիի խոսքերն է մեջբերում «Ինտերի» պաշտոնական կայքը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը