Բաժիններ՝

Դերձակի մոտ հագուստ կարելը կրկին նորաձև է դարձել

Այս տարի սեպտեմբերյան աժիոտաժից անմասն չեն նաև Երևան քաղաքի դերձակները: Դպրոց և համալսարան գնացող երևանյան երիտասարդությունը ցանկանում է նորաձև և չկրկնվող հագուստով դիմավորել նոր ուսումնական տարին:  Երեկ, երբ դերձակ Ռուզաննա  Ասատրյանի արհեստանոցում էի և ցանկանում էի հագուստ պատվիրել, պարզվեց, որ չեմ կարող: Մինչ իմ պատվերն ընդունելը, տիկին Ռուզաննան նախ պետք է կարեր դպրոց և համալսարան շտապող հայ կոկետուհիների զգեստները: Տիկին Ռուզաննան նշեց, որ անգամ  տղաների տաբատներ կարճացնելու և վերնաշապիկներ ձևելու ժամանակ չունի: «Այս տարի պատվերներս շատ են: Չգիտեմ` ինչո՞վ է պայմանավորված, բայց շատերն են ցանկանում միայն իրենց համար հագուստ կարել»,- ասաց տիկին Ռուզաննան:

Ի դեպ, օրերս, երբ մոդելավորող, ոճաբան Ֆաինա Հարությունյանի արհեստանոցում էինք, Ֆաինան ևս նշեց, որ այսօր շատերն են ցանկանում, որպեսզի դերձակը կամ մոդելավորողը աշխատի միայն իրենց համար:

Տիկին Ռուզաննայի արհեստանոցում պատվիրված հագուստին սպասող աղջիկների հետ զրուցեցի: Պարզվեց, որ աղջիկներն այսօր նախընտրում են ձեռք բերել թե՛ հագուստի, թե՛ կոշիկների և այլ աքսեսուարների եզակի նմուշներ: Պատահական չէ, որ ձեռագործ-անհատական իրերն այսօր առավել մեծ ուշադրության են արժանանում: Դա է վկայում համացանցում ձեռագործ իրերի նկատմամբ՝ երիտասարդության շրջանում բուռն հետաքրքրությունը: Ընդ որում, որպես կանոն, դրանք ավելի թանկ արժեն: Մեր այն հարցին, թե ի՞նչ գնի սահմաններում է հնարավոր հագուստ պատվիրել, տիկին Ռուզաննան պատասխանեց. «20.000 դրամից  սկսած՝ կարում եմ շրջազգեստներ կամ վերնաշապիկներ, կագուստ կարելն ավելի թանկ է: Գինը կախված է կտորից, հագուստի ձևվածքից, անգամ՝ ժամկետից, որի ընթացքում պետք է կարվի այդ հագուստը»:

Գները տարբեր են՝ կախված մոդելավորողից, դերձակից, նրա ճանաչվածության աստիճանից և աշխատանքի որակից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս