Բաժիններ՝

Սփյուռքի նախարարությունը` սիրիահայ աղջկան. «sorry, բյուջե չունինք, որ օգնենք»

Ապրիլի 27-ին Հայաստան ժամանած սիրիահայ Մարալ Սողոմոնյանը, ով եկել էր Հայաստանում քաղաքացիություն ստանալու նպատակով, այլևս Սիրիա չվերադարձավ: Ծնողներն ասել էին, որ հետ չգնա: «Հոն վիճակը ծանր է»,- ասում է Մարալը: Մասնագիտություն, աշխատանք, ընտանիք, ընկերներ ունեցող աղջիկն այսօր Հայաստանում միայնակ ու անպաշտպան է:

Երկու օր առաջ, երբ երեկոյան քայլում էինք Հյուսիսային պողոտայով, նստարանի վրա թեք նստած մի աղջիկ սպիտակ թղթի վրա մատիտանկար էր անում: Ինձ հետ քայլող ընկերներիցս մեկն ասաց, որ ամեն օր տեսնում է այդ աղջկան: «Գալիս նկարում է: Սիրիահայ է, այդպես փող է աշխատում»,- ասաց ընկերս: Մոտեցանք, ընկերս ծանոթացրեց նրա հետ: «Ինչպե՞ս ես» հարցին Մարալը պատասխանեց, որ այդ օրը գործ չկա, ոչ մի դրամ չի աշխատել:

Փոքր-ինչ դեսից-դենից խոսելուց հետո հրաժեշտ տվեցինք աղջկան:

Այսօր, երբ կրկին խոսում էի Մարալի հետ, պարզվեց, որ երեկ գործի դուրս չի եկել: «Հիվանդ էի: Սաստիկ ջերմություն ունեի, թոքերս ցավում էին»,- ասաց Մարալը: Հարցին, թե դեղ խմե՞լ է, Մարալը պատասխանեց` ոչ, որովհետև փող չունի: Այսօր կգնա «գործի»` պողոտայում նկարելու, որպեսզի փող ունենա ու դեղ գնի իր համար: Հարցրեցի, թե ի՞նչ դեղ է հարկավոր, մենք կարող ենք ձեռք բերել այն: Մարալը վիրավորված ասաց. «Պետք չունի: Մի անհանգստանար: Ես այսօր գործի պետք է ելնեմ, ես կգնեմ»: Ոչինչ ավելացնել չկարողացա, երևի վիրավորեցի նրան:

Հարցրեցի, թե որտե՞ղ և ի՞նչ պայմաններում է ապրում, խնդրեցի նրան պատմել իր ընտանիքից: «Ես այստեղ մենակ եմ: Տուն եմ վարձել, որ ապրեմ, բայց վարձը տալու համար պիտի աշխատեմ: Իմ ուժերով եմ ծախսերս վճարելու: Սիրիայում ընտանիք ունիմ`հայր, մայր, եղբայր և զույգ քույրեր: Մենակ ես եմ եկել Հայաստան, եկել էի քաղաքացիություն ստանայի: Պապաս զանգեց, ասեց՝ չգնամ, մնամ էստեղ: Իրենք էլ րոպե առաջ կգան, բայց չեն կարողանում գալ, ֆինանս չունեն, օդանավի տոմսն էլ թանկ է: Տունը պիտի վաճառեն, բայց չեն կարողանում վաճառեն: Մնացել եմ էստեղ մենակ: Կին մը կա, ով ինձ օգնում է: Երեկ տիկին Կարինեն իր քովը տարավ, մեղր ու մի քանի բան տվավ, ասեց ուտեմ՝ լավանամ»,- պատմում է Մարալը:

Հարցրեցի, թե միայն նկարելո՞վ է գումար աշխատում, Մարալը պատասխանեց. ««Golden Tulip» հյուրանոցում ընդունարանում պիտի աշխատեի, բայց ռուսերեն չգիտեի: Ինձ ասացին, որ մատուցողի գործը շատ լավ գործ է, կարող եմ մատուցող աշխատել: Մի ամիս աշխատեցի, բայց ձգեցի այդ գործը: Հետո «Լունա պարկի» այգում էի աշխատում, բայց աշխատանք չկար, մարդիկ էլ նեղացնում էին»: Իմ այն հարցին, թե դիմե՞լ է արդյոք ՀՀ Սփյուռքի նախարարություն` աջակցություն ստանալու համար, Մարալը պատասխանեց. «Հոս նախարարություն հարցուցի, եթե կարող են՝ օգնեն, ասին՝ «sorry, բյուջե չունինք»: Հոս ըսին՝ բյուջե չունինք, աս բանը ձեզի գենոցիդ չի՞ հիշեցնար: Երևագայա, եթե այդ ժամանակ քեզմե մեկը օգնություն խնդրեր, դուն իրեն կասեի՞ր՝ sorry, բյուջե չունիմ քեզի օգնիմ»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս