Ադրբեջանը չի կատարել հունգարական կողմին տված հավաստիացումները

Բուդապեշտը գործել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Այս մասին «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան, նշել են Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարությունից:

Մեկնաբանելով Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու մասին տեղեկությունը՝ նախարարությունը վկայակոչել է Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիան (1983 Strasbourg Convention on the Transfer of Sentenced Persons), ըստ որի կոնվենցիային անդամակցած կողմերից մեկը կարող է իր երկրի տարածքում դատապարտված անձին հանձնել մյուս կողմին, որպեսզի նա ընդունող երկրի տարածքում կրի պատիժը: Ընդունող կողմը պատժի կրումը կամ դրա փոփոխումը տնօրինում է իր երկրի իրավական և վարչական գործընթացների համաձայն:

«Քանի որ Ադրբեջանի կողմից ընդունվել են կոնվենցիայի պայմանները, Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարությունն այսօր իրականացրել է Ռամիլ Սաֆարովի տեղափոխումն Ադրբեջան: Կոնվենցիայի համաձայն` փոխանցելուց հետո պատժաչափը տնօրինվում է միայն այն պետության օրենսդրությամբ, որին հանձնվում է դատապարտյալը»,- նշել են Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարությունից:

Պատասխանում միաժամանակ ասվում է, որ ընդունող երկիրը պատիժն իրականացնելու պարագայում պետք է կաշկանդված լինի դատապարտող երկրի վճռի իրավական բնույթով և պատժաչափով: Ադրբեջանի արդարադատության նախարարությունը հունգարական կողմին հավաստիացրել է, որ հանցագործությունը, որի համար պատիժ էր սահմանվել, այնպիսի հանցակազմ է պարունակում, որը, Ադրբեջանի Քրեական օրենսգրքի համաձայն, պատժվում է ցմահ ազատազրկման, իսկ այդ պարագայում անձինք կարող են ազատ արձակվել ամենաքիչը 25 տարի պատիժը կրելուց հետո:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ոճրագործ սպա Ռ. Սաֆարովը կացնահարել էր Հայաստանի ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին՝ քնած ժամանակ: Նա Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էր ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի դասընթացներին: Հունգարիայի դատարանը դատապարտել էր Սաֆարովին ցմահ ազատազրկման՝ առաջին 30 տարիներին առանց ներման իրավունքի:

Տեսանյութեր

Լրահոս