«Ջազզվեն» ու «Բարբրին» հաշտվեցի՞ն
Օգոստոսի 28-ին Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել «Ջազզվե» ՍՊԸ-ի և «Բարբրի Լիմիթեդ» ընկերության դատական գործով վերջին նիստը:
Դատարանի վճռով հաստատվել է կողմերի հաշտության համաձանությունը:
«Ջազզվե» ընկերության շահերը պաշտպանող «AM» իրավաբանական ընկերության փաստաբանները հայտնում են, որ, ըստ համաձայնության` «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունը հրաժարվել է «Ջազզվե» ՍՊԸ նկատմամբ հեղինակային և հարակից իրավունքների խախտման և այլ վնասների, ինչպես նաև դատական ծախսերի հատուցման բոլոր պահանջներից:
Վերջինս էլ պարտավորվել է մեկ տարվա ընթացքում փոխել իր սպասարկման կենտրոններում առկա հարդարանքի աննշան տարրեր, որոնք կարող էին նմանեցվել այլ ընկերության ապրանքային նշանում պարունակվող պատկերներին:
«AM» իրավաբանական ընկերության ղեկավար` փաստաբան Գրիգոր Մինասյանի խոսքով` «Ջազզվեն» բավարարված է գործի ելքով: «Ընդհանրապես մեր հաճախորդների համար հաղթանակներ ապահովելով՝ մենք երբեք չենք անտեսում բոլոր կողմերի համար շահավետ լուծումներ ապահովող այլընտրանքները: Իհարկե, ուրախալի է, երբ մեր հերթական հաղթանակը դատական գործում՝ չի նշանակել պարտություն որևէ այլ անհատի կամ ընկերության համար»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում գրանցված «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունը դեռևս 2011թ. դիմել էր «Ջազզվե» ընկերությանը` պահանջելով դադարեցնել իրենց ընկերությանը պատկանող ապրանքային նշանի օգտագործումը: