«Մարդիկ հասկացան, որ լիարժեք հաղթանակը ՀՀԿ թեկնածուի կողքին է»
168.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք երեկ Կապանի գործող քաղաքապետ Արտուր Աթայանի ինքնաբացարկի դիմումը, և, այնուամենայնիվ, ինչո՞ւ նա հրաժարվեց ընտրապայքարից, «Հայոց արծիվներ» հայրենասիրական հ/կ նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի ՀՀԿ-ական փոխնախարար Խաչիկ Ասրյանը պատասխանեց.
«Ես ոչ մի մեկնաբանություն չեմ կարող տալ: Ինքնաբացարկի իրավունքն ու մեկնաբանությունը պարոն Արտուր Աթայանինն է, թեկուզ բազմաթիվ մեկնաբանություններ են եղել, և ես վստահ եմ, որ այդքանով բավարարում է իմ պատասխանը»:
Հիշեցմանը, որ գործող քաղաքապետն իր հայտարարության մեջ նշել էր քաղաքում տիրող թշնամանքի մթնոլորտի մասին, և նաև մամուլի հրապարակումներին` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից կիրառվող ճնշումների մասին, Խ. Ասրյանն այսպես արձագանքեց. «Ես` որպես սյունեցի, և նաև երկար տարիներ Կապանում բնակված, չեմ կարծում, թե ինչ-որ թշնամական մթնոլորտ է տիրում Կապանում, և մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից ճնշումներ կան: Պարզապես նախընտրական քարոզարշավի արդյունքում երևի մարդիկ հասկացան, որ լիարժեք հաղթանակը ՀՀԿ թեկնածու Աշոտ Հայրապետյանի կողքին է: Դա հաշվի առնելով` ինքնաբացարկի դիմում ներկայացրեց Արտուր Աթայանը»: