«ՃՈ-ն իր առջև ամբողջ ազգին տուգանելու խնդիր չի դրել»
«Մենք չենք հաշվում, թե որ ուղևորատար տրանսպորտը քանի ուղևոր է տեղափոխում: Ճանապարհային ոստիկանությունն ավելի լուրջ խնդիրներ ունի»,- անդրադառնալով երթուղայինների գերծանրաբեռնվածությանը՝ այսօրվա ասուլիսում, ըստ «Փաստինֆոյի»` ասել է ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ գերծանրաբեռնված երթուղայինների խնդրին իր տեսանկյունից է մոտենում Երևանի քաղաքապետարանը, որն իրականացնում է ցածր դասից մեծ դասի միկրոավտոբուսների անցնելու ծրագիր: Ինչ վերաբերում է ճանապարհային ոստիկանությանը, ապա ակնհայտ խախտում թույլ տալու դեպքում միայն տեսուչն իրավունք ունի կանգնեցնել տրանսպորտային միջոցը:
«Եթե տեսուչը կանգնեցնում է երթուղայինը, այդ ժամանակ նաև տեսնում է, որ այն սահմանվածից ավելի մեծ թվով ուղևոր է տեղափոխում, դա էլ է արձանագրում: Թե չէ գերբեռնված ուղևորատար տրանսպորտի նկատմամբ հատուկ աշխատանք տանելու ոչ իրավասություն ունենք, ոչ էլ խնդիր»,- նշել է Ն. Սարգսյանը:
ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետի խոսքով՝ իրենք ավելի կարևոր խնդիրներ ունեն և չեն կարող կանգնել կանգառներում և ուսումնասիրել, թե ուղևորատար տրանսպորտի մեջ քանի ուղևոր կա:
Ինչ վերաբերվում է հետիոտնի նկատմամբ տուգանք կիրառելուն, ապա միայն 2011թ. 23 հազար վարչական արձանագրություն է կազմվել և գանձվել են տուգանքներ: Այս տարի արձանագրությունների թիվը քչացել է:
«Ճանապարհային ոստիկանությունն իր առջև ամբողջ ազգին տուգանելու խնդիր չի դրել: Մենք ցանկանում ենք ոչ թե տուգանելով հասնել երթևեկության մշակույթի բարձրացման, այլ փորձել կանխարգելիչ աշխատանքով հասնել ցանկալի արդյունքի»,- նշել է Ն. Սարգսյանը: