Բաժիններ՝

Աշխատանքային հանդիպում

Օգոստոսի 30-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպել է Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը արդեն իսկ մի քանի աշխատանքային հանդիպումներ է ունեցել ստորաբաժանման պատասխանատուների և անձնակազմի հետ, որոնց ընթացքում առաջադրվել են կոնկրետ խնդիրներ ու պահանջներ, տրվել համապատասխան հանձնարարականներ, նշվել են արձանագրված թերությունների վերացման եղանակներն ու ժամկետները:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Այս հանդիպման օրակարգում ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից կատարված մի քանի օրվա ստուգումների արդյունքներն էին, որոնք մտահոգության տեղիք են տալիս:

«Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ պարեկային անձնակազմերի կողմից ծառայողական կարգապահության, էթիկայի եւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման, տեսագրող եւ արագաչափ սարքերի տեխնիկական վիճակի ու սարքինության, պարեկային մեքենաների տեղաշարժի կարգը պահպանելու եւ մի շարք այլ խնդիրների:

Ոստիկանության պետը պահանջեց նաեւ վերանայել օրինազանց վարորդներին տուգանելու կարգը` նկատի ունենալով, որ քաղաքացի-դրամ-ոստիկան հարաբերությունները կոռուպցիոն ռիսկերի դաշտում են եւ վնասում են ոստիկանության հանդեպ հասարակական վստահության ամրապնդման գործընթացին: Վերլուծելով թվարկված խախտումների պատճառները` Վլադիմիր Գասպարյանը պահանջեց շուտափույթ վերացնել թերությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ստուգումների արդյունքներով` ծառայողական խախտումներ կատարած երկու տասնյակից ավելի ճանապարհային ոստիկաններ ենթարկվել են պատասխանատվության` ստացել են տույժեր, զգուշացվել զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին, ուղարկվել կադրերի ռեզերվ, ծառայության տեղափոխվել այլ ստորաբաժանումներ: Տույժեր են ստացել նաեւ ստուգման ենթարկված վաշտերի հրամանատարները: Մի շարք խախտումներով ծառայողական քննությունները շարունակվում են:

«Ճանապարհային ոստիկանության գործունեության ստուգումները շարունակական են լինելու, և հիմնավորվելու դեպքում այդ նյութերը կուղարկվեն Հատուկ քննչական ծառայություն, հավաստիացրեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, իսկ նպատակը այդ ոլորտի արմատական ու վերջնական բարեփոխմանը հասնելն է, ինչը ոչ միայն ոստիկանության ղեկավարության, այլև հասարակության անվերապահ պահանջն է»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս