Նաիրա Զոհրաբյան. «Ժառանգության» նախաձեռնությունը կարող է հակառակ էֆեկտ ունենալ

««Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությունը պետք է ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրվի»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության այն նախաձեռնությանը, ըստ որի՝ առաջարկվում է ընտրելու իրավունք ընձեռել արտասահմանում բնակվող 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներին:

«Ես համամիտ եմ «Ժառանգության» հետ դաշինք կազմած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության  փոխնախագահ Անուշ Սեդրակյանի հետ, որ այս առաջարկը շատ ավելի խնդիրներ կարող է առաջացնել, քան փորձել կարգավորել պրոբլեմը: Սա իմ վստահ գնահատականն է: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե մենք ինչպիսի արատավոր ընտրական համակարգ ունենք: Չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս է հնարավոր համակարգել  արտասահմանում բնակվող հայերի քվեարկությունը, որ ընտրակեղծարարությունների ու տարբեր անօրինականությունների տեղիք չտա»,- նշեց Զոհրաբյանը:

Վերջինս հավելեց, որ օրենսդրական այս նախաձեռնությունը կարող է բարդացնել իրավիճակը, իշխանության ձեռքին լրացուցիչ լծակներ ավելացնել ընտրախախտումների իրագործման համար: Ըստ Նաիրա Զոհրաբյանի, արտերկրում բնակվող հայերի ընտրության իրավունքի վերականգնման հարցը, անշուշտ, պետք է քննարկման ենթարկվի: «Մի երկրում, որտեղ ընտրակեղծարարության կայուն ու արմատացած ավանդույթներ կան, դա հակառակ էֆեկտ կունենա: Քանի դեռ մենք չունենք ընտրական քաղաքակիրթ համակարգ, նման նախաձեռնություններից պետք է ձեռնպահ մնալ, եթե անգամ նպատակը բարի է»,- ասում է ԲՀԿ-ական պատգամավորը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խմբակցության անունից գրավոր դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանադրականությունը ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկելու առաջարկով: Դիմումի համաձայն, ՀՀ ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածը հնարավորություն չի ընձեռում արտերկրում գտնվող կամ բնակվող ՀՀ մյուս քաղաքացիներին ևս՝ իրացնելու իրենց` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը:

Տեսանյութեր

Լրահոս