Պոլսո պատրիարքարանը ևս կոչ է արել Միջին Արևելքի քրիստոնյաներին՝ չլքել իրենց ծննդավայրը
Միջին Արևելքի «ահաբեկված քրիստոնյաներին» կոչ է արվել մնալ Սիրիայում: Նման հորդորով է հանդես եկել Ասորական եկեղեցու Դամասկոսի պատրիարքարանը: Ինչպես հայտնում է Hurriyet-ը, Պատրիարքարանից նշել են, որ լարվածությունը մեծանում է՝ Լիբանան Հռոմի Պապի առաջիկա այցին ընդառաջ:
Կոչում նշվում է նաև, որ Սիրիայում արդարության կարելի է հասնել միայն հակամարտող կողմերի միջև իմաստավորված երկխոսության միջոցով:
Կոչին իրենց աջակցությունն են հայտնել նաև Թուրքիայի Հայ Առաքելական և Հույն Ուղղափառ եկեղեցիները:
Թուրքիայի հայերի առաջնորդ՝ Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն ընդգծել է քրիստոնյաների՝ Միջին Արևելքում մնալու կարևորությունը:
Հույն Ուղղափառ եկեղեցին նույն առիթով հիշեցրել է, որ, ի վերջո, «պետք չէ մոռանալ, որ Միջին Արևելքն այն վայրն է, ուր ծնունդ է առել քրիստոնեությունը: Ուստի՝ տարածաշրջանը մեծ հոգևոր կարևորություն ունի»: