Վառելիքատար մեքենաների իրանցի վարորդները փորձել են խաբել ՀՀ մաքսավորներին
Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս մի շարք դեպքեր են բացահայտել: Այսպես, «Ապավեն Տերմինալ» մաքսային հսկողության տարածքում, ՀՀ ներմուծված վառելիքը տեղափոխող 5 ցիստեռն-ավտոմեքենաների արտաքին նախնական զննման արդյունքում պարզվել է, որ ակնհայտ տարբերություն կա Մեղրիի մաքսակետում հայտարարագրված և առկա բեռի միջև: Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները պարզել են, որ եռակցման միջոցով ավտոմեքենաների վրա ստեղծվել է վառելիքի արհեստական արտահոսք` հատուկ տեղադրված ճկախողովակի միջոցով: Չնայած իրանցի վարորդները փաստի վերաբերյալ սկզբում իրարամերժ բացատրություններ են տվել, պատճառաբանելով, որ իբր մեքենայի առկա պահեստային ջուրն օգտագործելու նպատակով են դիմել նման հնարքի, սակայն թարգմանչի օգնությամբ, այնուհետև խոստովանել են, որ մաքսային վճարներից խուսափելու նպատակով են վառելիքը վերցրել վաճառքի: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մաքսային կանոնների խախտման նմանատիպ մեկ այլ դեպք էլ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից օրերս կանխվել է Սյունիքի տարածաշրջանային մաքսատանը. Իրանից ներմուծված ավելի քան 41 տոննա ընդհանուր քաշով դիզելային վառելիքը տեղափոխող ավտոմեքենայի արտաքին նախնական զննման ժամանակ, աչալուրջ մաքսավորների ուշադրությունից չի վրիպել այն, որ ավտոմեքենայի մաքսային ապահովման միջոցներից մեկը պոկված է, սակայն խնամքով քողարկված: Այս դեպքում էլ պարզվել է, որ բեռի ընդհանուր քաշը պակաս է շուրջ 2 տոննայով: