Փոլ Ռայանը Հանրապետական կուսակցությունից պաշտոնապես առաջադրվել է ԱՄՆ փոխնախագահի թեկնածու

Կոնգրեսական Փոլ Ռայանը պաշտոնապես համաձայնել է Հանրապետական կուսակցության կողմից ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում առաջադրվել: Չորեքշաբթի հանրապետականների համազգային համագումարի ժամանակ իր ելույթում նա ասել է, որ Ռոմնիի հաղթանակի դեպքում իրենց թիմը կարող է լուծել երկրի տնտեսական խնդիրները:

«Մենք չենք փախչի խնդիրներից, այլ կլուծենք դրանք: Մենք 4 տարի չենք անցկացնի` հայտարարելով, որ այդ խնդիրների մեղավորը այլ մարդիկ են, մենք կստանձնենք դրանց լուծման պատասխանատվությունը»,- ասել է Ռայանը:

Իր ելույթում Ռայանը քննադատել է Բարաք Օբամայի` առողջապահության և տնտեսության ոլորտներում որդեգրած քաղաքականությունը:

42-ամյա կոնգրեսականը ծնվել է Վիսկոնսին նահանգի Ջեյնսվիլ քաղաքում: 1998 թվականին` 28 տարեկանում, հաղթել է Ներկայացուցիչների պալատի ընտրություններում` դառնալով ԱՄՆ-ի պատմության ամենաերիտասարդ կոնգրեսականներից մեկը: Դրանից հետո նա 6 անգամ վերընտրվել է: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:

Բազմաթիվ հարցումների համաձայն` Ռայանը ավելի պահպանողական դիրքորոշում ունի, քան Ռոմնին: Ռայանը խոստովանել է, որ իր հայացքների վրա մեծապես ազդել են ռուսական ծագմամբ ամերիկացի գրող և փիլիսոփա Այն Ռենդի գործերը: Վերջինս կապիտալիզմի կողմնակիցներից էր:

Ռայանը կաթոլիկ է, ամուսնացած է, ունի 3 երեխա:

Տեսանյութեր

Լրահոս