Թուրքիան պատասխանատու է սիրիահայության դեմ ոտնձգության համար. ԵՀՀ

Եվրոպայի Հայերի Համագումարը կոչ է հղել Եվրամիության նախագահությանը, Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցչին, միջազգային հանրությանը, որում մասնավորապես գրված է.

 

 

«Սիրիայի տագնապում, Թուրքիայի կողմից  ընդդիմադիր ուժերին նեցակցելու և հովանավորելու  անվան տակ տրամադրվող զենք ու զինամթերքը  առատորեն անցնում է այլ երկրներից տարածաշրջան ներխուժած ֆունդամենտալ ծայրահեղական տարրերի ձեռքը, ինչը լուրջ մտահոգություն է առաջացրել տեղի քրիստոնյա փոքրամասնությունների մոտ:

 

Ամենօրյա վայրագությունների և դաժանությունների մասին տարածվող լուրերին զուգահեռ, ծայրահեղական խմբերի կողմից հայ և այլ քրիստոնյա փոքրամասությունների կյանքին սպառնացող հայտարարությունները  ապացուցում են ստեղծված կացության լրջության աստիճանը:

 

Եվրոպայի Հայերի Համագումարը անզեն ու խաղաղ բնակչության կյանքին  սպառնացող վտանգի նկատմամբ հայտնում է խոր մտահոգություն և հայտարարում.

 

-Հայոց դեմ կատարված ցեղասպանությունը ժխտող  ներկայիս դավանանքային իշխանությունները շարունակում են իրենց նախորդների ռասիստական քաղաքականությունը եւ անմիջական պատասխանատուն են  լինելու սիրիահայ և այլ քրիստոնյա համայնքների դեմ ուղղվող հավանական որևէ անախորժ ոտնձգության համար:  Հետևաբար, զգուշացնելով իրենց կատարածի վտագնավոր հետևանքների մասին, զգաստության և ինքնազսպումի կոչ ենք ուղղում թրքական  իշխանավորներին, չհրահրելու լարվածությունները և  կրոնական կրքերր:

 

– Եվրախորհրդարանի նախագահ՝ պարոն Մարթին Շուլթսին, Եվրամիության  արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ՝ տիկին Քեթրին Էշթոնին, ինչպես նաեւ Եվրամիության հանձնաժողովին  կոչ ենք ուղղում՝ անհապաղ միջոցներ  ձեռնարկել՝ կանխելու համար ինչպես Թուրքիայի,  այնպես եւ ցավոք եվրոպական որոշ պետությունների կողմից Սիրիական հարցում  իրենց թույլ տված  կամ քաջալերական որոշակի քաղաքականության հետևանքով  հայ և այլ քրիստոնյա փոքրամասնությունների կյանքին ուղղված մասսայական մասշտաբով վտանգավոր իրադրության հետևանքները:

 

– Կո՛չ ենք ուղղում նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար պարոն Պան Գի Մունին, միջոցներ  ձեռնարկել՝  կանխելու թուրքական իշխանությունների կողմից ծայրահեղական խմբերին սպառազինելու վտանգավոր գործունեությունը:

 

Եվրոպայի Հայերի Համագումարը իր զորակցությունն է հայտնում  ՄԱԿ-ի շրջանակներում տարվող բոլոր ջանքերին՝ մարդկային կյանքերի առավել կորստի եւ  գաղթականության նոր ալիքի առաջն առնելու եւ ստեղծված կացությունը խաղաղորեն կարգավորելու ուղղությամբ:

 

Եվրոպայի Հայերի Համագումար

 29 օգոստոսի, 2012թ.

Ուփսալա, Շվեդիա

Տեսանյութեր

Լրահոս