
Ճապոնա-հյուսիսկորեական բանակցություններ՝ քառամյա ընդմիջումից հետո

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ու Ճապոնիայի ներկայացուցիչները 2008 թ.-ից ի վեր առաջին անգամ նստել են բանակցությունների սեղանի շուրջ, գրում է BBC-ն: Բանակցություններն անցկացվում են Չինաստանի մայրաքաղաք Պեկինում, որոնք, հավանաբար, կտևեն մեկ օր:
Ինչպես հայտնում են ճապոնական ԶԼՄ-ները, բանակցությունների հիմնական թեման Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կորեական թերակղզում զոհված ճապոնացի զինվորների կմախքների որոնման խնդիրն է:
Բացի այդ, կողմերը կքննարկեն 1970-1980-ական թթ. Հյուսիսային Կորեայի կողմից առևանգված ճապոնացի քաղաքացիների ճակատագիրը: 2008թ.-ին Հյուսիսային Կորեան խոստացել էր կրկին հետաքննել Ճապոնիայի քաղաքացիների առևանգման դեպքը, սակայն այն չէր իրականացվել:
Կողմերի միջև բանակցությունները հնարավոր են դարձել Կարմիր Խաչի ջանքերի շնորհիվ: Երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները բացակայում են:
Ըստ վերլուծաբանների` հանդիպմանը կքննարկվեն երկու երկրներին առնչվող այլ խնդիրներ ևս: