Միթ Ռոմնին պաշտոնապես դարձավ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու

Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգում անցկացված Հանրապետական կուսակցության համագումարում Միթ Ռոմնին, հավաքելով անհրաժեշտ թվով պատվիրակների ձայներ, ինչպես և սպասվում էր, պաշտոնապես դարձավ նախագահի  թեկնածու:

Քվեարկությունն ուղիղ հեռարձակվել է համագումարի կայքէջում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցներին, Ռոմնիին նախագահի պաշտոնական թեկնածու է հայտարարել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բոները:

«2.061 քվե արդյունքով նախագահի թեկնածու է ընտրվում Միթ Ռոմնին: Նա հավաքել է առավել մեծ թվով ձայն, քան անհրաժեշտ էր»,- ասել է Բոները: Նշենք, որ նախագահի թեկնածու դառնալու համար Ռոմնիին անհրաժեշտ էր հավաքել 1.144 ձայն:

Սակայն մի խումբ պատվիրակներ իրենց ձայնը տվել են հանրապետական մեկ այլ թեկնածուի հավակնորդի` Ռոն Փոլին, Ներկայացուցիչների պալատի անդամ Միշել Բաքմանին և նախկին սենատոր Ռիկ Սանտորումին:

Նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում Ռոմնիի մրցակիցն է լինելու Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող գործող նախագահ Բարաք Օբաման: Անցկացված հարցումների արդյունքների համաձայն` գործող նախագահն իր հեղինակությամբ առաջ է մրցակցից:

Օբաման պաշտոնապես նախագահի թեկնածու կընտրվի հաջորդ շաբաթ Հյուսիսային Կարոլինայի Շառլոթ քաղաքում կայանալիք Դեմոկրատական կուսակցության համագումարում:

Տեսանյութեր

Լրահոս