
Վիրտուալ իրականություն

Գիտնականները ստեղծել են սաղավարտ, որը մարդուն զրկում է իրականությունը երևակայությունից տարբերակելու ունակությունից: Այդ մասին գրում է բրիտանական «Daily Mail»-ը: Այդ սարքը կրողը հեռուստատեսային սցենարները ընկալում է՝ որպես իրականություն, այն դեպքում, երբ դրանք ոչ թե իրականում տեղի ունեցած դեպքեր են, այլ ստեղծագործության արդյունք:
Գիտնականները պնդում են, որ այս սաղավարտը կրողն անցնում է այնպիսի գործընթաց, ինչպիսին Լեոնարդո դի Կապրիոն՝ «Սկիզբ» ֆիլմում: Դրանում վերջինիս մարմնավորած առևտրային լրտեսը համապատասխան գաղափար է ներարկում գործարարի բանականության մեջ: Ֆիլմի հիմնական գաղափարն այն է, որ մենք միշտ չէ, որ կարողանում ենք տարբերել՝ ի՞նչն է իրական, ի՞նչը` ոչ: Փորձի ընթացքում գիտնականներն օգտագործել են Ճապոնիայում մշակված իրականության փոխակերպման համակարգը:
Կատարվել է պարզ փորձ, որի իմաստը հետևյալն է. սկզբում տեսախցիկները նկարահանել են, թե ինչպես են մասնակիցները մտնում փորձասենյակ և գիտնականներից ստանում հրահանգներ: Այնուհետև նրանք նստում են աթոռին, հագնում են սաղավարտը, որի ներսում տեղադրված մոնիտորը ցուցադրում է բազմաթիվ տեսարաններ, որոնց մի մասն իրական են, մյուսները` տեսագրված: Փորձի մասնակիցների մեծամասնությունը տեսագրված նյութերն ընկալել է՝ որպես իրականություն: Ինչպես «Daily Mail»-ին ասել է նախագծի առաջատար մասնագետ Կեյսուկե Սուձուկին, այս փորձը հնարավորություն կտա հասկանալ հալյուցինացիաներ ապրող մարդկանց, քանի որ նրանք միաժամանակ տեսնում են մեկից ավելի իրականություն: