Խուզարկել են Վարդան Ղուկասյանի «Օազիս» և «Ալեքսանդրապոլ» «օբյեկտները»
Այսօր Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի հատուկ պահպանման տարածք են տեղափոխել «Կիա» մակնիշի 30 ԼԼ 244 և «ԲԲՄՎ Իքս 6» մակնիշի 99 VՏ 999 համարանիշի ավտոմեքենաները:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Գյումրիից shamshyan.com-ին հայտնել է, որ նշված ավտոմեքենաները պատկանում են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբայր Գևորգի ուրդուն` Վահո Ղուկասյանին:
Նշված ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվել են այսօր առավոտյան Գյումրիի Սայաթ-Նովայի և Ռուսթավելիի փողոցների խաչմերուկում գործող «Հրաշքների աշխարհ» մանկական խաղասրահի մոտ:
Գյումրեցիները ֆոտոլրագրողին պատմել են, որ նշված խաղասրահը պատկանում է քաղաքապետի եղբոր` Գևորգ Ղուկասյանի ընտանիքին:
Ըստ Շամշյանի՝ ժամը 20:00-ի սահմաններում Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ՈՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի, Ոստիկանության Գյումրու բաժնի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները, բաժանված մի քանի օպերատիվ-քննչական խմերի, խուզարկություններ են կատարել «Օազիս» ռեստորանային համալիրում և «Ալեքսանդրապոլ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում:
Նշված «օբյեկտները» պատկանում են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, սակայն ըստ գյումրեցիների` դրանք գրանցված են քաղաքապետի որդու` Սպարտակ Ղուկասյանի անվամբ: