
Ստվերը չի ավելանա

«Ես կատեգորիկ դեմ եմ, որ օրենքում կատարված փոփոխությունը կավելացնի ստվերը: Դա ամբողջովին հակառակ տրամաբանությամբ է գնում»,- այսօր ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Նշենք, որ մի շարք փորձագետներ այն տեսակետն են հայտնում, որ «Եկամտային հարկի մասին» օրենքի ներդրման արդյունքում՝ գործատուները կարող են պակաս ցույց տալ իրենց կողմից վճարվող աշխատավարձը։ 168.am-ի այն հարցին, թե ի՞նչ մեխանիզմներ են գործի դրվելու, որպեսզի գործատուները չկարողանան շրջանցել օրենքը, Վ.Գաբրիելյանը պատասխանեց. «Մենք ունեինք դեպք, երբ մարդիկ շահագրգռված էին, որ իրենց եկամուտները երևան: Այժմ այդ շահագրգռվածությունը բոլորի մոտ է: Աշխատակիցները պետք է պահանջեն գործատուներից, որպեսզի նրանք անմիջապես ցույց տան իրենց անվանական եկամուտների չափը: Եթե գործատուն ներկայացնում է հաշվետվություն, ապա այնտեղ աշխատակիցների աշխատավարձերի չափը պետք է պակաս չլինի նախկին աշխատավարձի չափից: Եվ, վերջապես, գործատուները նույնպես շահագրգռված են կենսաթոշակային ոլորտին հարկերի վճարմամբ: Այսպես ասեմ՝ եթե առաջ միայն պետությունն էր շահագրգռված հարկերի հավաքագրմամբ, ապա այժմ արդեն գործատուները նույնպես շահագրգռված են հարկերի վճարմամբ, քանզի դրանք չմուծելու դեպքում՝ խախտումները կարձանագրվեն և կպատժվեն: Դա դառնում է կենսական անհրաժեշտություն»: