
Ավստրիան հանրաքվե կանցկացնի պարտադիր զորակոչը պահպանելու հարցի շուրջ

Ավստրիայում կանցկացվի ընդհանուր զորակոչից հրաժարվելու հանրաքվե: Այս մասին հայտնում է AFP-ն` վկայակոչելով երկրի փոխկանցլեր Միխայել Շպինդելեգերին:
Քվեարկությունը տեղի կունենա 2013 թ. հունվարին: Հանրաքվեի ընթացքում բնակիչներին կառաջարկվի մի կողմ թողնել զորակոչի անցկացման գոյություն ունեցող համակարգը ու անցնել արդիականացման (թե ինչ նկատի ունի այդ ասելով` Շպինդելեգերը չի հստակեցրել) կամ ամբողջությամբ անցնել պրոֆեսիոնալ բանակի:
Ավստրիան այն քիչ եվրոպական երկրներից է, որտեղ գործում է ընդհանուր զինապարտության մասին օրենքը (պարտադիր զինվորական ծառայությունը պահպանվում է Դանիայում, Հունաստանում, Նորվեգիայում, Թուրքիայում, Ֆինլանդիայում ու Շվեյցարիայում):
Ավստրիայում ծառայել պարտավոր են բոլոր` 18 տարին լրացրած արական սեռի ներկայացուցիչները: Կանայք կարող են ծառայել կամավոր հիմունքով: