Երևանի վարչական շրջանների հեռավորությունը գի՞ն է որոշում
Երևանի համայնքների հեռավորությունից կախված, գյուղմթերքի գները տարբեր են: 168.am-ը փորձեց պարզել, թե քաղաքի տարբեր հատվածներում վաճառվող մրգերի գները որքանո՞վ են ձեռնտու գնորդներին:
Երևանի կենտրոնի խանութներում վաճառվող գյուղմթերքի գները տարբերվում են Ավանում և Նոր Նորքի զանգվածում վաճառվող գյուղմթերքի գներից: Որքան հեռու է համայնքը, այնքան բարձր են մթերքի գները:
Մենք խոսեցինք Նոր Նորքի զանգվածի շուկաներում գյուղմթերքի վաճառակետեր ունեցող Անդրանիկ Ղուկասյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Ծախս ենք անում, Մալաթիայի շուկայից ապրանք ենք գնում, տրանսպորտին գումար ենք տալիս, բերում-հասցնում ենք այստեղ, բա մի բան էլ մեզ չմնա՞: Ես միշտ էլ այս գնով եմ վաճառել»:
Նշենք, որ Անդրանիկի կրպակում վաճառվող գյուղմթերքի գները միջինը 50 դրամով տարբեր էին Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա և այլ վարչական շրջաններում վաճառվող գյուղմթերքի գներից:
Մեր հարցին, թե՝ մթերքը գնում եք հենց գյուղացո՞ւց, թե՞ վերավաճառողներից, Անդրանիկը պատասխանեց. «Չէ, գյուղացուց: Բերում եմ թարմ և որակով ապրանք: Գինն էլ դնում եմ այնպես, ինչպես ուզում եմ, ու մարդիկ գնում են: Ոչ մի խնդիր չկա»:
Նշենք, որ Անդրանիկի վաճառակետերը տեղակայված են Նոր Նորքի զանգվածի բնակելի շենքերի մոտակայքում: Մարդկանց հարմար է մոտակա կրպակից գնումներ կատարելը, մանավանդ, երբ առաջարկվող տեսականին մեծ է:
Տեղի բնակիչները մեզ հետ զրույցում թեպետ տրտնջում էին գներից, սակայն նշում էին, որ՝ այլընտրանք չունեն: «Ամեն անգամ քաղաք չենք կարող իջնել: Երբ մեքենայով ենք լինում, քաղաքից գնում ենք մեզ պետքական միրգ-բանջարեղենը, բայց ամեն օր քաղաք իջնել չես կարող: Ստիպված, փոքր քանակով, բայց գնում ենք: Փոքր երեխաներ ունենք տանը, վիտամիններ են պետք, որ հիմա չուտեն, ե՞րբ են ուտելու»,- ասաց Նոր Նորքի զանգվածի բնակչուհի Լիդա Արսենյանը: