
Հայաստանի նախագահն ընդունել է Ավստրիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտը (նստավայրը՝ Վիեննա):
Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Կրաուտին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ, հաջողություններ մաղթել և հույս հայտնել, որ այդ հաջողությունները դեսպանի պաշտոնավարման ավարտին արդեն տեսանելի կլինեն հայ-ավստրիական հարաբերություններում զգալի առաջընթացի արձանագրմամբ:
ՀՀ նախագահի պաշտոնական կայքից 168.am-ը տեղեկանում է, որ հանդիպմանը զրուցակիցները կարևորել են ՀՀ նախագահի հրավերով ս.թ. հունիսին Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի Հայաստան կատարած պաշտոնական այցը և դրա շրջանակներում ձեռք բերված բարձր մակարդակի պայմանավորվածությունները՝ ուղղված մեծ ներուժ ունեցող հայ-ավստրիական քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Երկուստեք ընդգծվել է, որ հայ-ավստրիական միջպետական հարաբերությունների 20-ամյա պատմության ընթացքում դա Ավստրիայի նախագահի առաջին պաշտոնական այցն էր Հայաստան, որը նոր որակ հաղորդեց երկկողմ համագործակցության օրակարգին:
Նախագահը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ավստրիայի հետ հարաբերությունների զարգացումը նաև բազմակողմ ձևաչափով, այդ թվում՝ ակտիվ համագործակցությունը ԵՄ-ի շրջանակներում:
Տնտեսական ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու տեսանկյունից զրուցակիցները կարևորել են Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հարավային Կովկասում և մասնավորապես Հայաստանում ծրագրեր իրականացնելու նպատակադրումը: