Վարդան Ղուկասյանի որդին հանրապետությունում չէ՞
Գյումրիում տեղի ունեցող վերջին աղմկալի իրադարձությունների կիզակետում դարձյալ Գյուրու գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է: Արդեն տևական ժամանակ է՝ նա չի պատասխանում որևէ հեռախոսազանգի, ուստի որոշ պարզաբանումներ ստանալու համար 168.am-ը ստիպված էր դիմել Վարդան Ղուկասյանի մամուլի քարտուղար Լիլիթ Աղեկյանին:
– Գյումրիում շրջանառվող խոսակցությունների համաձայն` երեկ ոստիկանությունը խուզարկել է Վարդան Ղուկասյանի բնակարանը: Ըստ Ձեզ` ի՞նչն է առիթ դարձել այդ խուզարկության համար:
– Սուտ է, իրականությանը չի համապատասխանում: Չգիտեմ՝ ով է ուզում այդ ամեն ինչը շրջանառության մեջ դնել և ի՞նչ նպատակ են հետապնդում, ո՞վ է ուզում քաղաքապետին ու քաղաքապետի ընտանիքը ներքաշել ինչ-որ պատմությունների մեջ` թիրախ սարքելով:
– Գյումրու բնակիչների փոխանցմամբ` երեկ Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի քարոզարշավից հետո «Գծի հետև» թաղամասում Վ. Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանն իր շրջապատով հաշվեհարդար է տեսել Ս. Բալասանյանին սատարող երիտասարդների հետ: Հիմա բնակիչների ասածը ևս սո՞ւտ եք համարում:
– Թեև ես պատասխանել եմ, բայց նորից ասեմ, որ ասեկոսեներով չի կարելի առաջնորդվել: Մարդու համբավը չի կարելի արատավորել ասեկոսեներով: Քաղաքապետի որդին հանրապետությունում չէ: Ընենց որ, առնչություն գտնել կամ իրան կապել այդ միջադեպի հետ` անիմաստ է: Էդքան բան:
– Գյումրեցիների փոխանցմամբ` քաղաքապետի որդին ՌԴ-ից վերադարձել է օրեր առաջ:
– Դուք ինձանից լավ եք ինֆորմացված` վերադարձել է, ո՞ւր է գնացել, ի՞նչ նպատակով: Խիստ անձնական հարցեր եք տալիս: Հա ի՞նչ` վերադարձել է: Ես ասում եմ, որ նա հանրապետությունում չէ: Դուք տեղյա՞կ եք, ե՞րբ է վերադարձել, ե՞րբ է գնացել: Ես գիտեմ, որ ինքը հանրապետությունում չէ: Մնացած բոլոր ասեկոսեներն ինձ համար ասեկոսեներ են:
– Իսկ ինչպե՞ս կբացատրեք այն, որ Ոստիկանությունը ո’չ հերքել, և ո’չ էլ հաստատել է նշյալ տեղեկատվությունը:
– Ես այլ ասելիք չունեմ:
– Ինչո՞ւ քաղաքապետը չի պատասխանում լրագրողների զանգերին: Ինչո՞ւ կատարված միջադեպի մասին որևէ պատասխան չի հնչեցնում:
– Եթե քաղաքապետն ասելիք ունենա այդ հարցերի հետ կապված, ինքը կասի, բայց քաղաքապետն աշխատանքային գործունեությամբ է զբաղված, և ամեն մարդ էլ իրա գործն է կատարում, այդ թվում` նաև ես: Ես էլ` որպես մամուլի քարտուղար, Ձեր հարցերին պատասխանում եմ: Հիմա Դուք ինձ եք զանգել` որպես մամուլի քարտուղարի, ես կատարում եմ իմ պարտականությունը: Ձեզ պատասխանում եմ: Ինձ թվում է` այլ խնդիրներ չկան:
– Իսկ քաղաքապետը քաղաքո՞ւմ է:
– Այո’:
– Ամիսներ առաջ մեզ հետ զրույցում Դուք նշեցիք, որ ոչ միայն ՀՀԿ-ն, այլև գյումրեցիները գնահատում են Վ. Ղուկասյանի աշխատանքը: Ըստ Ձեզ` հիմա ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն չի սատարում Վ. Ղուկասյանին:
– Այդ հարցերին չեմ ուզում պատասխանել: Իմ իրավասություններից դուրս է, և նպատակահարմար չեմ գտնում որևիցե մեկնաբանություն անել: