Ռուսաստանը թող իր գործով զբաղվի

Հայ-վրացական հարաբերություններն արտաքին քաղաքականության ոլորտում այս պահին մարտահրավեր են Հայաստանի համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործացության» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Նա նշեց, որ չնայած Վրաստանի հետ մեր բարեկամական հարաբերություններին, պրոբլեմներ երկու պետությունների միջև, այնուամենայնիվ, լինում են: «Մեկ-մեկ զարմանում ես՝ ինչպես կարող է այս երկու ազգերի միջև խնդիր լինել: Վրաստանում Հայաստանի նոր դեսպանի նշանակման հետ կապված ռուստատանաբնակ ջավախահայերի արձագանքը ևս մարտահրավեր է, որին Հայաստանը բավական ճիշտ արձագանքեց: Այդ հայտարարության մեջ նշված է, որ նոր դեսպանն ակտիվ աշխատում է Վրաստանի կառավարության հետ: Բայց այսպես էլ պետք է լինի»,- ասաց Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, թե իր համար փաստարկ չի կարող հանդիսանալ «ինչ-որ տեղերից դժգոհ մարդկանց արձագանքը»:

Ըստ նրա, այդ հայտարարությունը ոչ թե ջավախահայության բողոքն է, այլ Ռուսաստանից եկած պահանջ: «Ջավախքահայությունը չի մեղադրում նոր դեսպանին: Հասկացե’ք: Ես չգիտեմ գրողներն ովքեր են: Ռուսաստանից է գալիս այդ պահանջը: Ռուսաստանը թող իր գործով զբաղվի ու չմիջամտի հայ-վրացական հարաբերությունները: Համոզվա՞ծ եք, որ այդ գրողները հայեր են: Ռուսաստանի տեսանկյունից ակտիվ աշխատանքը վրացիների հետ չի բխում նրանց շահերից: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ աշխատանքը Վրաստանում ճիշտ է կատարվում»,- ընդգծեց բանախոսը:

Քաղաքագետի հավաստմամբ՝ Ռուսաստանի շահն է, որպեսզի հայ-վրացական հարաբերությունները թուլանան:

Տեսանյութեր

Լրահոս