Ցուցմունքներ կտա Վրաստանի քաղաքացին

ՀՀ ազգային և Երևանի պետական համալսարանի գրադարաններից գողությունների գործով սեպտեմբերի 3-ի դատական նիստում ցուցմունքներ կտա գլխավոր ամբաստանյալ, Վրաստանի քաղաքացի Վաժա Ազարիաշվիլին: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօրվա նիստում բավարարվել է ամբաստանյալի միջնորդությունը ցուցմունք տալուն պատրաստվելու համար ժամանակ տրամադրելու մասին: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը:

Իսկ այսօրվա նիստում ավարտվել է Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրյանների անվան գիտական գրադարանի հնատիպ, հազվագյուտ և արվեստի գրականության բաժնի վարիչ Հասմիկ Դուրգարյանի հարցաքննությունը: Նա մեղադրվում է հիշյալ Վրաստանի քաղաքացուն իր պատասխանատվության ներքո գտնվող բաժնից 17 գիրք վաճառելու մեջ:

Դատարանում հրապարակվեցին ամբաստանյալի որոշ նախաքննական ցուցմունքներ` դրանց և դատաքննական ցուցմունքների միջև առկա էական հակասությունների պատճառով: Մասնավորապես, դատարանում Հ. Դուրգարյանը նշել էր, որ գրքերի դիմաց Վ. Ազարիաշվիլին իրեն վճարել էր 6000 դոլար, իսկ 9000-ը պարզապես ի պահ էր տվել իրեն, իսկ նախաքննության ընթացքում հայտնել էր, որ Վ. Ազարիաշվիլին իրենից հետ չի պահանջել 9000 դոլարը, ուստի ինքը ենթադրել է, որ այդ գումարն ևս գրքերի դիմաց է տրվել:

Ըստ նախաքննության ցուցմունքի, Վ. Ազարիաշվիլին իրեն պատմել է Ազգային գրադարանից գրքերի հափշտակության, ինչպես նաև Ուկրաինայում գրքերի վաճառքից ստացվող շահույթի մասին` այդ մասին դատարանում նա չէր նշել: Ամբաստանյալն ըստ էության չհերքեց իր նախաքննական ցուցմունքները:

Դատարանում ցուցմունքներ են տվել նաև Վ. Ազարիաշվիլուն և ևս երկու հոգու ոստիկանության բաժին բերման ենթարկած ոստիկաններից Արսեն Ասլիկյանը և նրանց բերման ենթարկելու արձանագրություն կազմած ոստիկան Էրիկ Պողոսյանը: Ոստիկանները հայտնլ են, որ հիշյալ անձինք բերման են ենթարկվել կասկածելի վայրում ու ժամի Ազգային գրադարանի մոտ կանգնեցված մեքենայից, որում հայտնաբերվել են գործիքներ, ինչը կասկած է հարուցել, որ նախապատրաստվում է գողություն:

Ըստ Վ. Ազարիաշվիլուն ներկայացված մեղադրանքի, նա «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի Երևանի Տերյան փողոցի 72 հասցեում գտնվող շենքի գրապահոց ապօրինի մուտք գործելով առանձնապես խոշոր չափերով գրքերի գողություն կատարելու վերաբերյալ 2010թ. հուլիսին նախնական համաձայնության է եկել այդ շենքի պահպանությունն իրականացնող ՀՀ Ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Երվանդ Գուրգենի Ղամբարյանի և ազգությամբ ուկրաինացի ոմն Վլադ Տրուբիցինի հետ:

Երվանդ Ղամբարյանը, Վաժա Ազարիաշվիլին և Վլադ Տրուբիցինը 2010թ. հուլիսից մինչև 2011թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ապօրինի մուտք են գործել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրապահոց և այնտեղից գողացել` գաղտնի հափշտակել են առանձնապես խոշոր չափերի հասնող, ընդհանուր 7.500.000 ՀՀ դրամ արժողության, 1800-1900-ական թվականների հրատարակության, մատենագիտական նշանակություն ունեցող 150 միավոր ռուսերեն տարբեր գրքեր:

Տեսանյութեր

Լրահոս