
Թեհրանում գագաթնաժողովի անվտանգությունը քառակի ուժեղացվել է

Թեհրանում Չմիավորման շարժման մասնակից երկրների ղեկավարների անվտանգության ապահովումը վստահված է Իսլամական հեղափոխության պահակախմբի կորպուսին, ասել է ԻՀՊԿ հրամանատար Մուհամեդալի Ջաֆարին երկուշաբթի օրը. այս մասին հաղորդել է իրանական Mehr-ը:
Գլխավոր հրամանատարի հրամանով Չմիավորման շարժման գագաթնաժողովի անվտանգության ապահովումը հանձնարարվել է ԻՊՀԿ-ին, և այն անվտանգության նախարարության զինված ուժերի և ՆԳՆ հետ համատեղ ապահովում է գագաթնաժողովի անվտանգությունը, ասել է Ջաֆարին:
Նշենք, որ ավելի վաղ իրանական ոստիկանության տեղակալ Ահմեդրեզա Ռադան հայտարարել է, որ Գագաթնաժողովի մասնակիցների անվտանգությունը կապահովի 110 հազար ոստիկան:
Ռադանի խոսքերով՝ անվտանգության միջոցառումներն ինչպես Թեհրանում՝ ընդհանուր առմամբ, այնպես էլ գագաթնաժողովի անցկացման վայրում 4 անգամ ուժեղացվել են: Մի քանի փողոցներ կփակվեն:
Չմիավորման շարժման 16-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Թեհրանում օգոստոսի 28-29-ին:
Չմիավորման շարժումը միջազգային կազմակերպություն է, որը զինվորական բլոկներին չմասնակցելու սկզբունքով միավորում է աշխարհի 118 երկիր: Շարժումը պաշտոնապես ստեղծվել է Բելգրադյան կոնֆերանսի ժամանակ 1961 թվականի սեպտեմբերին 25 պետությունների կողմից: