
Քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել Ծիծեռնակաբերդի կանաչ տարածքի ոռոգման նկատմամբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ հանձնարարել է մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման շրջանակում խիստ հսկողություն սահմանել, մասնավորապես Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից, ինչպես նաև Նորքի, Դալմայի այգիների և անտառաշերտով պատված այլ տարածքների ոռոգման ցանցերի գործարկման և ոռոգման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից:
«Մայրաքաղաքում առկա առանց այդ էլ սակավ անտառաշերտերը, անկախ նրանից, թե ում ենթակայության ներքո են գտնվում, Երևանի տարածքում են և մենք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք այն պահպանելու ուղղությամբ: Նշված տարածքների ոռոգումը մշտապես պետք է լինի համապատասխան կառույցների, այդ թվում նաև վարչական շրջանների ղեկավարների անմիջական հսկողության տակ: Եթե անգամ վերոնշյալ տարածքները քաղաքապետարանի ենթակայության տիրույթում չեն, միևնույն է, մենք չենք կարող թույլ տալ, որ դրանք մնան անխնամ ու ժամանակի հետ կանգնենք դրանք կորցնելու վտանգի առաջ»,- նշել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել սերտորեն աշխատել տվյալ տարածքների պատասխանատուների հետ:
Քաղաքապետը հանձնարարել է նաև կազմակերպել Հրազդանի կիրճի տարածքի սանիտարական մաքրման աշխատանքները և մշտական հսկողություն սահմանել պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է հանգստյան օրերին կազմակերպվող շաբաթօրյակների աշխատանքներում ներգրավել քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցներին, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտներին ու հետևել աշխատանքների պատշաճ կատարմանը: Համապատասխան կառույցներին հանձնարարվել է կազմակերպել փողոցների հեղեղատարների մաքրման աշխատանքները: