Արևաշող գյուղի նորակառույց մանկապարտեզը կահավորված կընդունի երեխաներին

Լոռու մարզի Արևաշող գյուղի նորակառույց մանկապարտեզն իր դռները կբացի երեխաների առջև գեղեցիկ կահավորված և ժամանակակից խոհանոցային սարքավորումներով հագեցած շենքում: Արևաշողը, որը 1988թ. երկրաշարժից ամբողջովին քանդվել էր, այսօր ունի 3250 բնակիչ և ի տարբերություն բազմաթիվ այլ գյուղերի` դրական ժողովրդագրական աճ, սակայն մինչ օրս չուներ մանկապարտեզ: Արևաշող գյուղի համայնքի և կառավարության միջոցներով կառուցված շենքն արդեն լիովին պատրաստ է` ընդունելու մինչդպրոցական հասակի 60 սաների: Այն ոչ միայն թույլ է տալու երեխաներին նախադպրոցական կրթություն ստանալ և փոքր տարիքից հասարակության անդամ դառնալ, այլ նաև մասնավորապես գյուղի կանանց աշխատանք ունենալու հնարավորություն է տալու:

«Երեխաները միշտ են եղել Orange Հիմնադրամի ուշադրության կենտրոնում: Մեզ համար երեխաների, նրանց կրթության, դաստիարակության, մշակութային զարգացման հարցերն ամենակարևորներից են երկրի համար, քանի որ յուրաքանչյուր երկրի ապագա հաջողությունները կախված են երեխաների նկատմամբ մեր ցուցաբերած այսօրվա ուշադրությունից: Ցանկանում ենք գյուղին, որ շուտով մանկապարտեզը չկարողանա տեղավորել բոլոր երեխաներին », ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:

Արևաշողի մանկապարտեզը կառուցվել է համայնքի և պետական միջոցներով 2011թ.: Մանկապարտեզի կահավորման, կազմակերպչական ծախսերի, ինչպես նաև խաղալիքների և գրականության համար իր ներդրումն է ունեցել նաև «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը:

Կահավորման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 7.3 միլիոն դրամ:

Orange Հիմնադրամը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում են Հայաստանի հեռավոր համայնքների զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացումը, որոնց առանցքում շարունակում են մնալ երեխաները` կրթություն, առողջություն, նախադպրոցական և մարզական դաստիարակություն:

Տեսանյութեր

Լրահոս