Մահացել է Լուսնի վրա առաջինը ոտք դրած մարդը
Օգոստոսի 25-ին 82 տարեկան հասակում կյանքից հեռացավ հանրահայտ ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը: 1969 թվականի հուլիսի 20-ին նա դարձավ առաջին մարդը, ով ոտք դրեց լուսնի վրա: Այդ պահին նա ասել է իր հայտնի՝ «Մի փոքր քայլ մարդու համար, սակայն հսկայական թռիչք՝ մարդկության»:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգին անվանել է «Ամերկայի մեծագույն հերոսներից մեկը»: Այս մասին հաղորդում է AFP-ն:
Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ ասվում է, որ «Արմսթրոնգն ու իր ընկերներն աշխարհին ցույց են տվել, որ ամերիկյան ոգին կարող է հաղթահարել երևակայական սահմանները, որ ցանկության դեպքում հնարավոր է ամեն ինչ: Լուսնի մակերևույթին Արմսթրոնգի առաջին քայլը դարձավ մարդկության նվաճում, որը երբեք չի մոռացվի: Նիլը Ամերիկայի մեծագույն հերոսներից մեկն է` ոչ միայն իր, այլև բոլոր ժամանակների»:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ Արմսթրոնգի ընտանիքի հայտարարության համաձայն` նա մահացել է օգոստոսի սկզբին տարած սրտի վիրահատությունից հետո ի հայտ եկած բարդություններից:
Նիլ Արմսթրոնգն առաջին մարդն է, որը ոտք է դրել Լուսնի վրա: Դա տեղի է ունեցել 1969 թվականի հուլիսի 20-ին «Ապալոն 11» տիեզերանավով:
2011-ի նոյեմբերին Արմսթրոնգը տիեզերագնաց իր երեք ընկերների հետ միասին արժանացել է Կոնգրեսի ոսկե մեդալի` ԱՄՆ-ի բարձրագույն քաղաքացիական պարգևի: