Թուրքիան չպետք է փորձի խեղաթյուրել ղարաբաղյան խնդրի էությունը. Հայաստանի ԱԳՆ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Թուրքիայի արտգործնախարար Ահնեդ Դավութօղլուի արած այն հայտարարությունը, որով վերջինս Թուրքիայի ցանկությունն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի հանդիպումները Ստամբուլում անցկացնելու կապակցությամբ:
Մասնավորապես, պատասխանելով Panorama.am կայքի հարցին, ՀՀ փոխարտգործնախարարն ասել է, որ եթե Թուրքիայի արտաքին գործերի նախարարը իրապես ցանկանում է նպաստել հակամարտության կարգավորմանը, ապա Թուրքիան չպետք է փորձի խեղաթյուրել ղարաբաղյան խնդրի էությունը, այն է` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը, որին ի պատասխան Ադրբեջանի իշխանությունները դիմեցին Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ էթնիկ զտումների քաղաքականության և ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ ագրեսիայի իրականացման:
«Խնդրի կարգավորման համար արդյունավետ կլիներ, եթե Թուրքիան կարողանար դրդել Ադրբեջանին բանակցել հակամարտության իրական կողմի` Լեռնային Ղարաբաղի հետ: Թուրքիան առնվազն պետք է չշարունակի սատարել Ադրբեջանի «ամեն ինչ կամ ոչինչ» դիրքորոշումը և բանակցային գործընթացը Մինսկի խմբի շրջանակներից դուրս բերելու փորձերը, որոնք ուղղված են միջնորդների ջանքերը տապալելուն»,- նաև ասել է Շավարշ Քոչարյանը:
Նշենք, որ իր արած հայտարարության համատեքստում Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև ասել էր, որ Թուրքիան տարածաշրջանում առկա հակամարտությունները լուծելու քաղաքականություն է վարում, ինչի շնորհիվ տարածաշրջանի առաջատար երկիրն է դարձել:
«Մենք կցանկանայինք, որ Սիրիայի հարցով բանակցությունները տեղի ունենային Թուրքիայում։ Կուզենայինք նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նույնպես հանդիպումներ տեղի ունենային Ստամբուլում»,– ասել էր նա: