Բաժիններ՝

«Մենք չենք Գորիսն ընտրել, այլ Գորիսն է մեզ ընտրել»

Լրանում է հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարին. նույն տարիքին է նաև Գորիս և Վիեն քույր քաղաքների բարեկամությունը: Այս առիթով Գորիսում, Սիսիանում և «Նարեկացի» արվեստի միությունում համատեղ համերգներ են ունեցել Վիենի LE SIEM նվագախումբն ու «Նարեկացի»  ժողովրդական նվագարանների համույթը:

Իսկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր կկայանա 2 նվագախմբերի համատեղ համերգը: «Այսօր ժամը 18:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը  կկայանա համատեղ համերգ, որի ընթացքում 2 նվագախմբերը կնվագեն և կներկայացնեն դասական երաժշտություն: Ֆրանսիայի օրկեստրի նվագախումբը կկատարի հայերեն»,- այսօր կայացած ասուլիսում տեղեկացրեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը: Ասուլիսին մասնակցում էին նաև Վիենի հայ մշակույթի տան տնօրեն Պատրիկ Չոբոյանը, LE SIEM ֆրանսիական նվագախմբի գեղ. ղեկավար Ֆրանսուազ Տեզ- Տուղնյեն, «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանը, «Ադաջո» երաժշտական-մշակութային հ/կ նախագահ և համերգների կազմակերպիչ Կարինե Գրիգորյանը:

Խոսելով այս միջոցառումների մասին, Պատրիկ Չոբոյանն ասաց. «Ինձ միշտ հարց են տալիս, թե, որպես Վիենի քույր քաղաք, ինչո՞ւ հենց Գորիսն ընտրվեց: Ես էլ պատասխանում եմ, որ այդ մենք չենք Գորիսն ընտրել, այլ Գորիսն է մեզ ընտրել:  Մեր ծրագրերը բոլորն էլ ուղղված են  հայ երիտասարդությանն ու մշակույթին: Շնորհիվ մեծ համոզմամբ և նվիրվածությամբ  աշխատող Կարինե Գրիգորյանի՝  Գորիսում կրկին հնչում է դասական երաժշտությունը: Մենք «Ադաջոյին» խնդրեցինք, որ շատ համերգներ կազմակերպի և, բնականաբար, համերգներ եղան Գորիսում, Սիսիանում, «Նարեկացի» արվեստի միությունում»:

LE SIEM ֆրանսիական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Ֆրանսուազ Տեզ-Տուղնյեն շատ ուրախ էր համատեղ համերգների համար. «Նախ՝ կուզեի հիշեցնել, որ մեր խումբը կազմված է 11-20 տարեկան երեխաներից,  և, որ ես 20 տարուց ավելի անձամբ եմ ղեկավարում երաժշտական դպրոցը: Համագործակցություններ ենք ունեցել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Կանադան, Հունգարիան, և այլն: Այս ճամփորդությունը դեպի Հայաստան՝ մեզ համար շատ արդյունավետ եղավ: Մենք եկանք Հայաստան` ցանկանալով հայտնաբերել մի ուրիշ երաժշտություն և մի ուրիշ համերգ: 32 հոգուց բաղկացած մի խումբ, իհարկե,  դժվար է միավորել մանկավարժական և  երաժշտական տեսանկյուններից: Հատկապես` «Նարեկացի» արվեստի միության հետ այս համագործակցությունը մեր երեխաներին հնարավորություն կտա բացվել: Հայաստան աշխարհում մեր երեխաները հայտնաբերեցին մի բան, որ երբեք չէին կարդացել իրենց գրքերում և երբեք չէին լսել: Ես շնորհակալ եմ այն մարդկանց, որոնց շնորհիվ այս ճամփորդությունն իրականացավ»:

«Արտասահմանից մեզ մոտ էլի խմբեր են եղել: Այս անգամ մեր Գորիսի հանդիսատեսն իսկապես հիացած էր և  LE SIEM ֆրանսիական նվագախմբին ընդունեց  ջերմ ու հոտնկայս: «Նարեկացի» արվեստի միությունը միակն էր, որ մեզ` որպես երաժշտական խումբ, ընդունեց գրկաբաց: Մեր համերգները կրթում են Գորիսի երիտասարդությանը: Մշակութային համագործակցությունը սկսվել է 2004-ից, երբ ես Ֆրանսիայում էի: Ես զանգահարել էի Վիենի հայ մշակույթի տուն, որից հետո պարոն Չոբոյանը զանգահարեց ինձ և առաջարկեց համերգներ կազմակերպել ոչ թե Վիենում, այլ Գորիսում: Ստեղծվեց «Ադաջո» մշակութային-հասարակական կազմակերպությունը, և արդեն Գորիսում եղել են շուրջ 40 համերգներ»,- ասաց «Ադաջո» երաժշտական-մշակութային հ/կ նախագահ և համերգների կազմակերպիչ Կարինե Գրիգորյանը:

Նարեկ Հարթունյանն անդրադարձավ նաև այս տարի Ֆրանսիայում կայանալիք համերգներին. «Մենք հրավիրված ենք Ֆրանսիա: Մեզ հրավիրել են զանազան կազմակերպություններ և քաղաքներ, իսկ համագործակցությունը Վիեն քաղաքի և LE SIEM ֆրանսիական նվագախմբի հետ շատ կարևոր է: Այն հարգանքը, որ իրենք ունեն մեր նկատմամբ, շատ հաճելի է»: Ֆրանսիայի երաժիշտներն իրենց համերգը սկսում են նախ՝ մեր քայլերգով, հետո նոր՝ իրենց քայլերգն են կատարում: «Նարեկացի» արվեստի միությունն 1-ին անգամ  Ֆրանսիա էր գնացել 2010-ին: Սա 2-րդ ճանապարհորդությունն է լինելու, և մենք ձգտելու ենք հայկական երաժշտությունը մատուցել մաքրամաքուր»: Պատրիկ Չոբոյանը տեղեկացրեց, որ այդ համերգները կայանալու են այս տարվա դեկտեմբերին:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս