«Ես «փաստաբանի» ֆունկցիան կատարել եմ ժողովրդի համար, իսկ ժողովուրդն ինձ «քցեց»
Վերջերս 168.am-ի հետ զրույցում «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Պետրոս Մակեյանն ասել էր, թե ԱԺ ընտրություններում ԲՀԿ-ն իր աչքի առաջ` իր ընտրատարածքում, ավելի շատ փող է բաժանել, քան Հանրապետականն ու «Օրինաց Երկիրը»: «Ի՞նչ տարբերություն, եթե ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն տեղերով փոխվեն, ի՞նչը կփոխվի»,- նշել էր նա: Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով այդ հայտարարությանը, «Առավոտին» ասել է, որ «դատելով Մակեյանի վերջին շրջանի քաղաքական վարքագծից ու գործունեությունից»` ինքը տպավորություն է ստանում, թե պարոն Մակեյանը «ստանձնել է ՀՀԿ-ի փաստաբանի կարգավիճակը»:
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի այդ հայտարարությանը, Պետրոս Մակեյանն ասաց. «Ես խոսափողներին չեմ պատասխանում: Երբ նայում ես Ռոբերտ Քոչարյանին սպասարկող մամուլի հրապարակումներին, տեսնում ես, որ իրենք մարդուն վարկաբեկելու համար փորձում են նրան դասել Արթուր Բաղդասարյանի, Գեղամյանի և մյուսների շարքին, ովքեր ժամանակին եղել են ընդդիմադիր և ժողովրդին լքելով` մտել են իշխանության մեջ: Նաիրայի ասած այդ «փաստաբանի» ֆունկցիան ես կատարել եմ ժողովրդի համար, իսկ ժողովուրդն ինձ «քցեց»:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններում թիվ 36 ընտրատարածքում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ իր հայտարարությանը, ապա Պ.Մակեյանը նշեց. «Իմ ասածի վերաբերյալ դուք` որպես լրագրող կամ պարզապես որպես քաղաքացի, մի օր կարող եք գնալ 36 ընտրատարածք և հարցնել այդ մասին: Երեքն էլ փող բաժանել են` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը: Հանրապետությունում քիչ ընտրատարածքներ են եղել, որտեղ երեք թեկնածուներ միաժամանակ ընտրակաշառք բաժանեն: Եվ, փաստորեն, հաղթում է նա, ով շատ է բաժանել: Հաղթել է «Բարգավաճի» թեկնածուն»,- ասաց ՀԱԿ անդամը` ավելացնելով, որ այստեղ խնդիրն այդ համակարգի մեջ է: «Դա հստակ է, դա բանաձև է: Ես նոր բան չեմ ասել. եղել է այն, ինչ-որ տեղի է ունեցել ամբողջ հանրապետությունում: Ես չեմ էլ ուզում ապացուցել, քանի որ դա աքսիոմատիկ ճշմարտություն է: Իսկ ինձ փաստաբան անվանելու վերաբերյալ` շուրջ 15 տարի (2000 թվականից կուսակցության նախագահ եմ, իսկ դրանից առաջ եղել եմ պատգամավոր, իմ կեցվածքով եղել եմ ընդդիմադիր և իմ ընդդիմադիր հայացքների համար դուրս եմ մղվել իշխանությունից) ես միշտ փորձել եմ ժողովրդի փաստաբանը լինել, բայց ժողովուրդը վերջին ընտրություններին նախընտրեց փողը: Ցավալի է, բայց սա է իրականությունը»,- ասաց ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանը: