Հերթական բողոքի ցույցը դատախազության առջև՝ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների

«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի ակտիվիստներն այսօր բողոքի ակցիա էին անցկացնում ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև՝ ի պաշտպանություն ՀԱԿ 4 երիտասարդների՝ Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի և Տիգրան Առաքելյանի: Ցուցարարները պահանջում են ազատություն և արդար դատական վճիռ:

ՀԱԿ ակտիվիստներն այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիներին թերթիկներ էին բաժանում, որտեղ գրված էր. «2011թ-ի օգոստոսի 9-ին այս երիտասարդները ապօրինաբար տարվել են ոստիկանություն, բռնության ենթարկվել, և այժմ դատապարտվել են ազատազրկման՝ դատախազության կողմից սարքված շինծու մեղադրանքներով»:

Բողոքի ակցիային մասնակցում էին ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:

ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներին դատարանը դատապարտել է 2-6 տարվա ազատազրկման: ՀԱԿ ակտիվիստներից փաստացի կալանքի տակ է միայն Տիգրան Առաքելյանը, իսկ մյուս երիտասարդները մինչ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը դեռ ազատության մեջ են: ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանության միջև միջադեպը տեղի է ունեցել 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարևանությամբ։ Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարի, Արտակ Կարապետյանը 3 տարի, իսկ Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը 2 տարի ազատազրկման:

Տեսանյութեր

Լրահոս