Մարութա լեռան Սուրբ Աստվածածին եկեղեցին ավերել են

Թուրքիայի Բաթմանի Սասունի շրջանում` Մարութա լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին ոչնչացնելու հարցով Ստամբուլում Սասունի հայերի միության ղեկավար Ազիզ Դաղջըն դիմել է դատախազություն, տեղեկացնում է թուրքական Sondakika կայքը:

«Մեկ ամիս առաջ մեր եկեղեցին կանգուն էր: Երբ հովիվները մեզ տեղեկացրին, գնացինք եկեղեցի և տեսնելով, որ եկեղեցու առջևի մասն ու առաստաղի մի հատված փլված է, շոկի մեջ ընկանք»,- ասել է նա:
Դրանից հետո Ստաբուլում Սասունի հայերի միությունը դիմել է դատախազություն:
«Չգիտեմ ինչ են ուզել մեր եկեղեցուց: Հուլիսի 29-ին տարբեր վայրերից հավաքված հայերը եկեղեցում ուխտագնացության են մասնակցել, մատաղ արել և եկեղեցու օրը նշել: Ինչ որ մեկը քանդել է այն, որպեսզի հայ համայնքը չկարողանա կրոնական արարողություն իրականացնել»,- ասել է Դաղջըն:
Նա նշել է, որ իրենք լուսանկարներ և այլ ապացույցներ ունեն, որ եկեղեցին մինչև մեկ ամիս առաջ կանգուն է եղել:

«Մենք պահանջում ենք, որպեսզի եկեղեցին քանդողները վայրկյան առաջ բացահայտվեն: Հուլիսի 29-ից օգոստոսի 21-ն ընկած ժամանակահատվածի անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները պետք է ուսումնասիրվեն»,- ասել է Դաղջըն:
Հայ համայնքը նաև արձագանք է սպասում Մշակույթի և տուրիզմի նախարարությունից և համապատասխան բոլոր գերատեսչություններից:

Տեսանյութեր

Լրահոս