
ԲՀԿ-ն ոչ մեկին չի «քցել». ԲՀԿ պատգամավորը՝ Հմայակ Հովհաննիսյանի մասին

Առաջին Եվրասիական երիտասարդական հավաք-ֆորումի ղեկավար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ վերջերս ԲՀԿ-ի կողմից կուսակցության ներկայացուցիչ Հմայակ Հովհաննիսյանին հասցեագրված հայտարարությանը:
«Ես չեմ ուզում անձնավորեցնել հարցը, բայց ով ուզում է լինի, պետք է ընկալի, որ կոռեկտության շրջանակ գոյություն ունի, և համարժեք պատասխանը ԲՀԿ-ն միշտ տվել է ու կտա: Քաղաքակիրթ բանակցությունները եկեք կոռեկտության ձևաչափում պահենք: Մնացած հարցերով՝ ես ավելի քան համոզված եմ, որ ԲՀԿ մամուլի ծառայությունը կտա համարժեք պատախանը նմանատիպ մարդկանց հայտարարությունների վերաբերյալ»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Այն հարցին, թե, ի վերջո, ո՞րն էր պատճառը, որ ԲՀԿ ներկայացուցիչ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ կուսակցությունը խաբել է իրեն՝ չհատկացնելով խոստացված պաշտոնը, Վահե Էնֆիաջյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն ոչ մեկին չի քցել ու միշտ իր պայմանավորվածությունները պահպանում է: Մենք բացահայտ ամբողջ աշխարհին ասում ենք, որ մեր խոսքը գործ է, ու շարժվում ենք այս ձևաչափով: Այն մարդիկ, ովքեր իրենց ցանկությունների ինքնաբավարարման եզրեր չեն գտնում, դա արդեն իրենց խնդիրն է»: