ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն «ախպերավարի կիսում են»

168.am-ի թղթակցի հարցին` ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ընդդիմությունը` ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», չեմ մասնակցում առաջիկա ՏԻՄ ընտրություններին, Կարապետ Ռուբինյանը պատասխանեց. «Լավ չեմ վերաբերվում ընդդիմության կողմից ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու փաստին: Դա վկայում է ընդդիմության թուլության մասին, որով ուրախանալ պետք չէ»:

Հարցին էլ, թե ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ ՀՀԿ-ն ոչ միայն Գյումրիում, այլև Սիսիանում սատարում է իրեն «այլընտրանքային» քաղաքական ուժ հռչակած ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուին, Կարապետ Ռուբինյանը պատասխանեց. «Առանձնապես բան չկա ասելու, ախպերավարի կիսում են»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱԿ-ը նախկինում պարբերաբար հայտարարում էր, թե բոլոր ընտրություններին մասնակցելն անհրաժեշտություն է, քանի որ այդպիսով «մաշեցվում է իշխանության ռեսուրսը», Կարապետ Ռուբինյանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք այլևս կարևոր չէ, թեկուզև այդ նպատակի համար, ընդդիմության մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին: Ի պատասխան, Կ. Ռուբինյանն ասաց. «Այո, բոլոր ընտրություններին մասնակցելը շատ կարևոր է: Բացի դրանից, ՏԻՄ-երում լուրջ խնդիրներ կան, որոնք պետք չէ անտեսել: Չնայած ՏԻՄ մասին օրենքը շատ վաղուց ընդունված է, սակայն, որպես այդպիսին, տեղական ինքնակառավարում այդպես էլ չեղավ Հայաստանում` համայնքների մակարդակով: Այդ դեպքում մեղքն ավելի շատ կառավարությանն էր, որը պետք է միջոցառումներ ձեռնարկեր, որպեսզի օրենքն արմատավորվեր, և իրական ինքնակառավարում լիներ: Ես կարծում եմ, որ երբ վերջապես ազատվենք այս ռեժիմից, նորից իր ամբողջ լրջությամբ այդ ոլորտում բարեփոխումներ կատարելու խնդիր կլինի»:

Տեսանյութեր

Լրահոս