
Ինչպես կենտրոնից կասեն

«Մենք նախապես հայտարարել էինք, որ Գյումրիում իշխանության` ՀՀԿ-ի հովանավորյալ թեկնածուին, բնականաբար, չենք աջակցելու ոչ մի կերպ»,- 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ Գյումրիի կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը: Իսկ մյուս թեկնածուներին, մասնավորապես` Հայ հեղափոխական դաշնակցության թեկնածու Հովսեփ Սիմոնյանին աջակցելու հարցի վերաբերյալ Մ.Գրիգորյանը նշել է, որ որևէ որոշում կայացնելուց առաջ ՀԱԿ-ի տեղական կառույցն այդ հարցն ուղարկում է կենտրոնական գրասենյակի քննարկման: «Գյումրիի ՀԱԿ կառույցը քաղաքապետի թեկնածուներին աջակցելու վերաբերյալ իր տեսակետներն ուղարկել է Կոնգրեսի կենտրոնական գրասենյակ, և կենտրոնական գրասենյակում այդ հարցը քննարկվում է»,- ասել է ՀԱԿ անդամը: Նշենք, որ ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի պատասխանատու Գևորգ Ալեքյանն օրերս հայտարարել էր, թե հնարավոր է` Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ՀՅԴ թեկնածու Հովսեփ Սիմոնյանին սատարի նաև ՀԱԿ-ը: Նաև ասել էր, թե ՀՅԴ-ից հանդիպել են ՀԱԿ-ի տեղի պատասխանատու Մուրադ Գրիգորյանի հետ, ով հայտնել է, թե ՀԱԿ-ն առաջիկա օրերին կորոշի` սատարելո՞ւ է Հ. Սիմոնյանին, թե՞ ոչ: Հիշեցնենք նաև, որ վերջերս ՀԱԿ-ի Գյումրիի կառույցի ղեկավարը 168.am-ին տված հարցազրույցում` հարցին, թե Գյումրիում ո՞ւմ է նա համարում իշխանության թեկնածու, պատասխանել էր. «Մի՞թե պարզ չէ, թե ով է նա, երբ Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ իրենք աջակցելու են Սամվել Բալասանյանին: Իշխանության թեկնածուն էլ ո՞նց է լինում, պոզով ու պոչո՞վ»: