
Եվրասիական միությանն անդամագրվելով՝ դռները չեն փակվի Եվրոպայի առջև. Էնֆիաջյան

Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցին անդրադառնալով, Առաջին Եվրասիական երիտասարդական հավաք-ֆորումի ղեկավար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը այսօր լրագրողներին հայտնեց, որ այս պահի դրությամբ Հայաստանը դիտորդի կարգավիճակում է գտնվում: «Մենք հիմա ուսումնասիրության փուլում ենք գտնվում և ցանկանում ենք, որ մեր ուսումնասիրությունները բավականին խորքային ձևաչափում լինեն: Դրանից հետո, կարծում եմ, երբ այս ամենը հասունանա, շատ հստակ դիրքորոշում կցուցաբերվի»,- ասաց Վահե Էնֆեջյանը:
Վերջինս հավելեց, որ Հայաստանի համար կարևոր է ճկուն քաղաքականություն դրսևորել և դառնալ միջազգային քաղաքական տարբեր գործընթացների հաղորդակիցը: Ըստ նրա՝ մասնավորապես՝ տնտեսական հենքի վրա իրականացված լայնածավալ համագործակցությունները Հայաստանի համար նպաստավոր կդառնան: «Այս առումով մենք գտնում ենք, որ պետք է գտնենք բոլոր եզրերը՝ կայուն տնտեսություն ունենալու համար: Եթե այս ձևաչափի համագործակցությունը ստացվի, սա դեռ չի նշանակում, որ Եվրոպայի դռները փակվում են Հայաստանի համար»,- ամփոփեց բանախոսը: