Չեչնիայի ղեկավարը Սիրիայում սպանված Գելաևին չեչեն չի համարում

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ չեչենները չեն կռվում Սիրիայում, իսկ Հյուսիսային Կովկասից դուրս գնացածներն այլևս հայրենիք չունեն:

«Դա բացարձակ սուտ է: Չեչենները չեն կռվում Սիրիայում: Մենք ողջ պատասխանատվությամբ կարող ենք խոսել Չեչնիայի Հանրապետության բնակիչների մասին: Իսկ ինչ վերաբերում է Գելաևին, Բասաևին և այլոց` նրանք հայրենիք չունեն, այն նրանք վաղուց են կորցրել: Ինչի նրանք հասել են, ժողովրդի ատելությունն է, որը մինչ օրս անիծում է նրանց»,- ասել է Կադիրովը հինգշաբթի` Գրոզնիում, պատասխանելով լրագրողների հարցերին,- հաղորդում է interfax-ը:

«Ես ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ Ռուսաստանի չեչեն քաղաքացիները չեն մասնակցում ռազմական գործողություններին Սիրիայում, որ կողմից էլ լինի: Արևմտյան ԶԼՄ-ների կողմից տարածվող և, ցավոք, ռուսական որոշ հրատարակությունների կողմից խրախուսվող լուրերը տարածվում են այն նպատակով, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե հակամարտությանը մասնակցում են ՌԴ քաղաքացիներ»,- ասել է Կադիրովը:

Նա Ռուսաստանի ղեկավարության քաղաքականությունը Սիրիայի հարցում ճիշտ է համարում:

«Տվյալ հարցում Ռուսաստանն իր սկզբունքային դիրքորոշումն ունի: Այն ենթադրում է հակամարտության խաղաղ կարգավորում՝ առանց ռազմական արտաքին միջամտության: Մենք միանշանակ կողմ ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը Սիրիայի հարցում և վստահ ենք, որ նրա դիրքորոշումը կնպաստի Սիրիայում խաղաղության հաստատմանը»,- նշել է Կադիրովը:

Ինչ վերաբերում է իրադարձություններին մյուս մերձավոր արևելյան երկրներում, նաև` Իրաքում և Աֆղանստանում, Կադիրովի կարծիքով` նրանք են հանգեցրել արյունահեղության:

Ավելի վաղ հյուսիսկովկասյան ինտերնետ կայքերում հայտնվել էր տեղեկատվություն, որ չեչեն դաշտային հրամանատար Ռուսլան Գելաևի որդին Սիրիայում սպանվել է:

Կայքերը հայտնում են, որ Ռուստամ Գելաևը սպանվել է օգոստոսի 11-13-ը Սիրիայի շրջաններից մեկում մարտի ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս