Այսօր կքննվի ջրծաղիկից մահացած զինծառայողի բժիշկներին առաջադրված մեղադրանքը

Այսօր՝ օգոստոսի 24-ին` ժամը 15:00-ին, Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում նախատեսված է նախնական դատական նիստ ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի գործի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Հայկ Խաչատրյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան`գործը մեղադրողին վերադարձնելու մասին, այն պատճառաբանությամբ, որ նախաքննության մարմնի կողմից թույլ են տրվել մի շարք խախտումներ:

Խախտումների վերաբերյալ իրավահաջորդի ներկայացուցչի կողմից դեռևս նախաքննության ավարտին միջորդություն է ներկայացվել, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան:

Դատարանի կողմից միջնորդության վերաբերյալ որոշում չի կայացվել, ավելին` դատական նիստի մասին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը չի ծանուցվել: Դատական նիստի մասին տեղեկացվել է միայն Հայկ Մովսեսի Խաչատրյանի հայրը` Մովսես Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Հայկ Մովսեսի Խաչատրյանը մահացել է 2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում ջրծաղիկ հիվանդությունից:

Ըստ նախաքննության արդյունքի՝ մեղադրանք է առաջադրվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Սերգեյի Մկրտչյանին և ՀՀ ԶՈւ գլխավոր վիրաբույժ Միքայել Ժորայի Միքայելյանին` «ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունք, որը պատճառել է էական վնաս» հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մաս):

Տեսանյութեր

Լրահոս