Արարատի մարզում մեքենան ընկել է ջրանցքը. 2 զոհ կա
Այսօր` օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Արարատի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ 23-ամյա Լևոն Խաչատրյանը, վարելով «ՎԱԶ 21 011» մակնիշի 29 ԼՕ 253 համարանիշի ավտոմեքենան, Ռանչպար-Մասիս ավտոճանապարհի Նորամարգ գյուղի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փշալարերով պատված ճանապարհին և հայտնվել ջրատարում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ վթարի հետևանքով վարորդը և ուղևոր` Արարատի մարզի Արևաբույր գյուղի բնակիչ 33-ամյա Արտաշ Ավետիսյանը, տեղում մահացել են:
Մահացածների դիերը մեքենայից դուրս բերելու համար, ժամանել էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը` մեկ մարտական հաշվարկով` ջոկատի հրամանատարի տեղակալ Աղաս Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ավոտմեքենան ջրատարից դուրս բերելու համար վթարի վայր է բերվել վերամբարձ կռունկ, որից հետո միայն փրկարար ջոկատի աշխատակիցները Ոստիկանության Մասիսի բաժնի Ճանապարհային Ոստիկանության և քաղաքացիների օգնությամբ մահացածներին դուրս բերեցին ավտոմեքենայից:
Տեղում էին նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` հրամանատարի տեղակալ Սանասար Հարությունյանի և Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը` Մասիսի ոստիկանապետի օպեր գծով տեղակալ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Սամվել Անդրեսյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Մասիսի բաժնի հատուկ պահպանման տարածք:
Ժամանել էր նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Ավագյանը:
Գ. Շամշյանը հայտնել է, որ դիերը դուրս բերելուց հետո երկու ժամ է տևել, մինչև ժամանել է Մասիսի բժշկական կենտրոնի բրիգադը: Վթարի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, որ մահացած երիտասարդները փեսա և աներձագ էին, իսկ փրկարարները ավտոմեքենայում վնասազերծել են օձ:
Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: