«Բայց ինչի՞ պիտի օգնեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներին»,- ասում է Լոռու մարզպետը

Սեպտեմբերի 9-ին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների  շուրջ 168.am-ի հետ զրուցել է   Լոռու մարզպետ, Հանրապետական կուսակցության անդամ Արթուր Նալբանդյանի հետ

-Սեպտեմբերի 9-ին կայանալիք Տեղական ինքնակառավարման ընտրություններին ինչպիսի՞ն է լինելու Ձեր մասնակցությունը:

-Հարցն ուղիղ տվեցիք, ես ուղիղ հասկացա: Ես իմ քաղաքացիական պարտքը կատարելու եմ: Քանի որ Ալավերդի քաղաքում համայնքի ղեկավարի ընտրություններ չկան, ընդամենն ավագանու անդամների ընտրություններ են, մասնակցելու եմ ավագանու ընտրություններին: Ինչ վերաբերում է ընդհանուր մարզի ընտրություններին, ես Ձեզ կվստահեցնեմ, որ մեր մարզում ընտրությունները լինելու են ազատ, արդար և թափանցիկ:

– Այսինքն` արդեն գիտեք` ո՞ւմ եք ընտրելու:

Կարդացեք նաև

– Ավագանու թեկնածուին` այո:

-Եվ ո՞ւմ:

– Դե քանի որ ընտրությունները փակ գաղտնի քվեարկություն են, չասեմ, բայց, իհարկե, կողմնորովել եմ:

– Իսկ որպես ՀՀԿ-անդամ` ի՞նչ աջակցություն եք ցուցաբերու Ձեր կուսակիցներին, ովքեր իրենց թեկնածությունն են առաջադրել համայնքի ղեկավարի ընտրություններում, ինչպես օրինակ, Վանաձորի քաղաքպետի ՀՀԿ-ական թեկնածու, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը:

– Խոսքն ի՞նչ աջակցության մասին է: Բնականաբար, քաղաքապետի հետ միասին պետք է ներկայացնենք քաղաքապետի ծրագիրը, պետք է մեր կուսակից ընկերների հետ հանդիպումներ կազմակերպենք բոլոր բնագավառների աշխատակիցների հետ, և ըստ օրենքի` առաջանորդվենք, փորձենք օգտակար լինենք:

– Այսինքն` Դուք աջակցելո՞ւ եք Վանաձորի գործող քաղաքապետին:

-Իհարկե, ոչ միայն Սամվել Դարբինյանին, մենք 86 համայնքներում ընտրություններ ունենք, և Հանրապետական ավագանիներին, և’ համայնքի ղեկավարի թեկնածուներին` բոլորին օգնելու ենք:

– Միայն  Հանրապետական կուսակցության անդամներին եք օգնելո՞ւ, թե՞ «Բարգավաճ Հայաստանի» անդամ-թեկնածուներին ևս աջակցություն եք  ցուցաբերելու:

– (Ծիծաղում է,-Մ.Մ): Էդ առումով օգնելու ենք այնքան, որ ընտրությունները լինեն ազատ, արդար և թափանցիկ, բայց ժողովուրդն է որոշում կայացնելու, թե որ թեկնածուին ի՞նչ ձայն տա:

– Այսինքն`աջակցելո՞ւ եք նաև ԲՀԿ-ի թեկնածուներին:

– Բայց ինչի՞ պիտի օգնեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներին:

– Նման խնդիր չի՞ դրվել Ձեր առջև:

– Իսկ ո՞վ պետք է դներ, եթե գաղտնիք չէ: Ո՞վ պետք է դներ նման խնդիր իմ առջև:

– Օրինակ, Սյունիքի մարզպետը,  որ նաև ՀՀԿ-ի  անդամ է,  պաշտպանում է ԲՀԿ-ական թեկնածուին:

-Ուրիշ մարզերի հետ գործ չունեմ: Ուրիշ մարզերի խնդիրները էս պահի դրությամբ ինձ չի հետաքրքրում: Մեր մարզում մենք նմանատիպ խնդիր չունենք:

– Իսկ որպես ՀՀԿ-ական` ինչպե՞ս կմենակաբենք Ձեր կուսակցության վերնախավի որոշումը` Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին չսատարելու մասին:

-Իմ կողմից բարոյական չի, որ ես կարծիք արտահայտեմ: Եթե խոսքը վերաբերեր Վանաձորին, ես կարծիքս կարտահայտեի, բայց Գյումրիի դեպքում ես չեմ մեկնաբանի:

– Բայց դուք ՀՀԿ անդամ եք, և դա Ձեր կուսակցության որոշումն է: Ինչո՞ւ եք խուսանավում:

-Չեմ խուսանավում, ուղղակի հարցն ինձ հետ չի կապված, և այս առումով բարոյական չի, որ ես մեկնաբանություն տամ:

– Պարոն Նալբանդյան, Վանաձորի գործող քաղաքապետից դժոգոհությունները շատ են, բայց Դուք պաշտպանում  եք նրա թեկնածությունը: Ինչպե՞ս եք բացատրում Ձեր քայլը:

-Դա Ձեր կարծիքն է: Բնականաբար, աշխատող  համայնքի ղեկավարներից լինում են նաև դժգոհություններ, բայց քաղաքապետից շատ դժգոհություններ չենք ունեցել, հիմա առավել ևս չունենք: Ես համոզված եմ, որ ինքը լուրջ քաղաքական ճանապարհ է անցել, ինքը լուրջ փորձ ունի քաղաքապետի պաշտոնում ևս 4 տարի աշխատելու համար, և համոզված եմ, որ ժողովուրդը շատ գոհ կլինի նրանից:

-Ի դեպ, պարոն մարզպետ, Թեղուտի հարցով Դուք բաց նամակ ուղղեցիք ռոք  երգիչ Սերժ Թանգյանին: Որևէ արձագանք ստացե՞լ եք նրանից:

– Ճիշտն ասած, ես պատասխան չեմ ստացել, և ուզում եմ հավատլ, որ Սերժ Թանգյանի հետ մենք անպայման շրջայց կկազմակերպենք մեր մարզում, որովեհտև ես իրեն շատ հարգում և ընդունում եմ:

 

Տեսանյութեր

Լրահոս