
Մթերվող խաղողի գինը կպահպանվի

«Խաղողի մթերման գնային քաղաքականության շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են».- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: «Ինչքան էլ փորձենք գին որոշել, շուկան է թելադրում: Շատի դեպքում՝ էժան է լինելու, քչի դեպքում՝ թանկ է լինելու»,-ասաց նա: Ըստ Ս. Գալստյանի՝ խաղողի արտադրությունը մեր հանրապետությունում վերամշակող ձեռնարկությունների համար շատ կարևոր կուլտուրա է, և այդ առումով մրցակցություն կա: Հանրապետության խաղողի այգիներից ստացված բերքն օգտագործվում է գինու, օղու, կոնյակի արտադրության մեջ: «Խաղողի նախորդ տարվա գինը կպահպանվի: Մթերվող խաղողի մեկ կգ-ի միջին արժեքը 130 դրամի սահմաններում և, նույնիսկ, մի քիչ էլ ավելի կլինի»,- ասաց փոխնախարարը: Պարոն Գալստյանը խուսափեց թիվ հրապարակել, քանի որ բերքահավաքը դեռ չի սկսվել, սակայն հավաստիացրեց, որ կպահպանվի նախորդ տարվա գինը և գուցե մի փոքր էլ ավելանա: