Շատ-շատ են սեռավարակներով հիվանդ 16-17 տարեկան երեխաները. սեքսոպաթոլոգ
«Լռելը, հեքիաթներ հորինելը նպաստում են նոր սերնդի սեռավարկների՝ խլամիդիոզի, ուրեապլազմոզի տարածմանը»,- ասում է ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Նարինե Ներսիսյանը: Ըստ նրա՝ մասնագետները նկատում են, որ վերջին շրջանում ավելանում է նոր սերնդի սեռավարակներով հիվանդների թիվը: Նարինե Ներսիսյանը վերջիններիս տարածումը բացատրում է նրանով, որ դրանց թաքնված շրջանը բավական երկար է տևում. «Եթե սիֆիլիսի ու հոնորեայի դեպքում ախտանշանները սեռական հարաբերություններից մեկ շաբաթ անց գլուխ են բարձրացնում, ապա խլամիդիոզը իր գործն անում է թաքուն»: Ըստ սեքսոպաթոլոգի՝ նոր սերնդի սեռավարակների տարածումը կարող է պայմանավորված լինել նաև նրանով, որ վարակները հաճախ դեղակայուն են դառնում կամ սկսում են իրենց այլ կերպ դրսևորել: Նարինե Ներսիսյանը նկատել է, որ նոր սերնդի սեռավարակները երիտասարդանում են. «Շատ-շատ են 16-17 տարեկան երեխաները, ովքեր հիվանդ են նոր սերնդի սեռավարակներով»: Սեքսոպաթոլոգը կարծում է, որ սեռավարանրի տարածման պատճառներից մեկն էլ այն է, որ չափազանց շատ է խոսվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին, իսկ սեռավարակները հաճախ անուշադրության են մատնվում: