Որքան շատ սեռական զուգընկերներ՝ այնքան շատ սեռավարակներ. սեքսապաթոլոգ

Հայաստանում վերջին 6 տարիների ընթացքում նվազել է դասական համարվող սեռավարակներով` սիֆիլիսով և հոնորեայով հիվանդների թիվը: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2006-ին սիֆիլիսով հիվանդ է եղել 157 մարդ, իսկ 2011-ին հիվանդների  թիվը կրճատվել է` հասնելով  89-ի: ԵՊԲՀ Սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ Նարինե Ներսիսյանը սեռավարակների թվի նվազումը բացատրում  է սեռակրթության մակարդակի բարձրացմամբ. «Գնալով պատասխանատվությունն առողջության հանդեպ ավելի է բարձրանում: Մեծ նշանակություն ունեն նաև ժամանակակից բուժման մեթոդները, որոնց միջոցով ավելի հեշտ են բուժվում սեռավարակներով հիվանդները»: Ըստ սեքսապաթոլոգի՝ մարդիկ վերջապես սկսել են հասկանալ, որ ինքնաբուժությամբ զբաղվելը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների. «Սեռավարակների դեպքում`       նաև անպտղության: Մարդիկ վերջերս ավելի զգույշ են դարձել. նրանցից շատերը գերադասում են պաշտպանված հարաբերություններ ունենալ»:  Այն, որ դասական սեռավարակներով հիվանդ տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին, Նարինե Ներսիսյանը բացատրում է հայ ազգի սոցիալ-մշակութային  առանձնահատկություններով: «Հայ տղամարդիկ շատ ավելի ազատ սեռական վարք ունեն, ավելի շատ սեռական զուգընկերներ, քան հայ կանայք: Իսկ որքան շատ սեռական զուգընկերներ՝ այնքան շատ սեռավարակ»,- ասում է Ն. Ներսիսյանը: Վերջինս խորհուրդ է տալիս հնարավորինս քիչ ունենալ պատահական սեռական հարաբերություններ, նմանատիպ հարաբերությունների դեպքում օգտագործել պահպանակներ, իսկ ակտիվ սեռական կյանք վարելու դեպքում՝ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ հետազոտություն անցնել:

 

Տեսանյութեր

Լրահոս